Մենք արժանի չե՞նք Մինաս ունենալու
Հինգշաբթի, 19 Մայիս 2011 23:34
Hits smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon
Minas_DSC00323_bigԵրկու ամիս առաջ ՀՀ կառավարության նիստում հաստատվեց Մինաս Ավետիսյանի` Գյումրիի Էլեկտրատեխնիկական եւ Գալվանոմետր գործարանների շենքերում գտնվող որմնանկարների տեղափոխման եւ վերականգնման մասին որոշումը: Կառավարությունը պնդում է, թեր ծրագրի նպատակը որմնանկարները ոչնչացումից փրկելն է, իսկ արդյո՞ք հնարավոր չէ առանց տեղափոխման վերականգնել դրանք, դեռևս պարզ չէ: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ նշեց, թե դա վարչապետի հանձարարությունն է, որի նպատակը Մինաս Ավետիսյանի որմնանկարները ոչնչացումից փրկելն է: Մինասի 2 որմնանկարները՝ «Երկանք» եւ «Թել են մանում», կտեղադրվեն «Զվարթնոց» օդանավակայանում։ «Երկանք» որմնանկարը ներկայում գտնվում է Գյումրիի «Էլեկտրատեխնիկական գործարանի» նախկին ճաշարանի շենքում, իսկ «Թել են մանում» որմնակարը՝ Գյումրիի «Գալվանոմետր գործարան (Օմեգա)» գործարանի շենքում։ «Երկանք»-ը տեղափոխվելու է «Զվարթնոց»-ի նախագահական համալիր, իսկ «Թել են մանում»-ը` «Զվարթնոց» օդանավակայանի նոր ուղեւորային համալիրի մեկնման սրահ։ Ըստ որոշման` անժամկետ ու անհատույց իրավունքով Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությանը կտրամադրվի Մինաս Ավետիսյանի որմնանկարներից երկուսը, այն պայմանով, որ դրանք համապատասխան պայմաններով տեղափոխվեն, վերականգնվեն, պահպանվեն եւ փակցվեն օդանավակայանում: Այս որոշումը սակայն զայրացրել է գյումրեցի արվեստագետներին ու բնակիչներին:

Դեռևս նախորդ ամսվա վերջին տասնօրյակում սկսված քննարկումները` Մինասի որմնանկարների` մայրաքաղաք տեղափոխման մասին, գնալով դարձան ավելի լայն քննարկումների առարկա, կազմակերպվեցին հանրային, հեռուստատեսային քննարկումներ, կառավարություն ուղղվեցին-դիմում բողոքներ, բայց կողմերից յուրաքանչյուրը շարունակում է մնալ իր տեսակետին` վստահ, որ Մինասի որմնանկարների ճակատագրի լուծման իրենց տարբերակն ամենահարմարն է: Բոլոր կարծիքներն  ու որմնանկարների շուրջ ծավալված քննարկումները ներկայացնում ենք առանց մեկնաբանության` ըստ կողմերի` տարբեր լրատվամիջոցներին տրված հարցազրույցների:

-Այսուհետև օդանավակայանում մեր բոլոր քաղաքացիները կարող են վայելել Մինասի այս հիասքանչ որմնանկարները: Մեծ դիմադրություն կա, ասում են` ոնց կարելի է մասնավորին տալ: Բա ավելի լավ ա փչանա՞ն այդ որմնանկարները.-ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան:

«Անցյալ դարի 70-ական թվականների սկզբներին Լենինականի մի շարք գործարանների տնօրինություններ իրենց դրամական միջոցներով պատվիրել են հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանին որմնանկարներ կատարել իրենց գործարանների համապատասխան տարածքներում, որի արդյունքում ստեղծվել են գեղարվեստական բարձրարժեք ստեղծագործություններ: Հետեկրաշարժյան տարիներին դադարեցին գործել քաղաքի արտադրական ձեռնարկությունները, և շենքերի վթարայնության ու ջերմաստիճանային անբարենպաստ պայմանների հետևանքով խիստ վտանգվեց որմնանկարների հետագա գոյությունը և պահպանությունը:….Մենք` ներքոստորագրողներս, հաստատ վճռականություն ենք հայտնում, որ արվեստների և մշակույթի քաղաք Գյումրիում են պահպանվելու և ցուցադրվելու մեր համերկրացի մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի Գյումրիում կատարած որմնանկարները: Մենք գտնում ենք, որ առանց քաղաքի համաձայնության, հոգևոր մշակույթային արժեքները տանելը անհարգալից վերաբերմունք է։ …Քաղաքը պատրաստ է համապատասխան դրամական միջոցներ տրամադրել վերականգնելու, Գյումրիում պահպանելու և ցուցադրելու գյումրեցիների հպարտությունը հանդիսացող Մինաս Ավետիսյանի պահպանված որմնանկարները»: Սա քաղվածք էր ՀՀ կառավարությանը 520 գյումրցի արվետագետների, մշակույթի եւ կրթության ոլորտի աշխատակիցների հղած դիմում-բողոքից:

Քադակագործ Զավեն Կոշտոյան.-Երկրորդ քաղաք չի նշանակում երկրորդական: Երբ որ Կրակովից «Կզաքիսով աղջիկ» կտավն ուզեցան տանել Վարշավա կրակովցիները չթողեցին, այսինքն էդ իրանցն է, իրանց քաղաքինն է: Հիմի նույն բանն էստեղ է, մարդիկ մտածել են, որ երկրորդ քաղաք է, կամ որ ավելի վատ է` երկրորդական, ուրեմն կարելի է էստեղից տանել Մինասի գործերը: Եթե պետք է մենք դրամահավաք կանենք, կամ քաղաքապետարանը կամ պետությունը թող հոգա էդ ծախսերը, որպեսզի մեր ունեցածը մենք կարողանանք պահել: Այստեղ ֆինանսներ են պտտվում, ֆինանս ունեցող մարդիկ են խառնված, որ ասում են բերեք դնենք աէրոպորտում, բայց էդտեղ ով է նայելու որ էդ գործը: Մարդն էդտեղ ավելի շատ իրա ճամպրուկի հետեւից է ընկած կամ թե թեկուզ օտարերկրացին, ով է իրան բացատրելու, ասելու գիտեք սա արժեք է: Աէրոպորտ է չէ վերջը, հո թանգարան չէ:

Vahan_tumasyan_IMG_0188_big«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան.-Մինաս Ավետիսյանի որմնանկարների Գյումրիից տաղափոխման կառավարության,մշակույթի նախարարության և մարզպետարանի նախաձեռնությունը սովորական և հերթական մշակութային թալան է: Եթե գյումրեցիները այս անգամ էլ համակերպվեցին հերթական անգամ իրենց թալանելու փաստի հետ, ապա այլևս իրավունք չունեն օգտագործել թասիբ բառն անգամ... Իսկ Մինասի որմնանկարները տեղափոխելուն կողմ գյումրեցի լրագրողները պարզվում է ընդամենը պալատական երգիչներ են... »:

Արման Ավետիսյան, Մինասի որդին, եւ նկարչի տուն-թանգարանի տնօրեն.-Ինձ համար կարևորն այն է, որ որմնանկարները փրկվեն, իսկ թե որտեղ կլինեն դրանք, այնքան էլ կարևոր չէ:

Artashes_Karapetyan-2_bigԳյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտաշես Կարապետյան.- Խոսում են մարզերի զարգացման մասին, բայց կրկին ամեն ինչ տանում, կուտակում են Երեւանում: Հիմա ինչ, մենք էլ Ջաջուռից Մինասի տուն թանգարանը բերենք Գյումրի, եթե իրանք մեր ունեցածն են տանում մայրաքաղաք,-հարցրեց Արտաշես Կարապետյանն ու հավելեց,-չենք թողնելու: Մայիսի 4-ին խումբ է գալու Գյումրի, որ որմնանկարները տեղափոխեն: Կանգնելու ենք գործարանների դիմաց ու չենք թողնելու, որ Մինասի գործերը քաղաքից տանեն: Սա մեր քայլերից մեկն է լինելու, իսկ հետո կկազմակերպենք հանրային լսումներ: Ի վերջո պիտի լինի մի դեպք, որ որոշում կայացնելուց առաջ մի քիչ էլ ժողովրդի կարծիքը հաշվի առնվի

Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյան.-Որտե՞ղ էին գյումրեցիները, երբ Մինասի որմնանկարները փչանում էին ձյան ու անձրեւի տակ:

Արտաշես Կարապետյան.-Նրանց կողմից հարց էր առաջ քաշվում, թե ինչու երկաշարժից հետո, 20 տարուց ավելի ժամանակ է անցել եւ հիմա նոր ենք մտածում այդ մասին: Մեր պատասխանն այսպիսին էր, որ այդ 20 տարիների ընթացքում բավական մեծ թվով խնդիրներ կային չլուծված ու ամենամեծ խնդիրը դա անօթեւաններին էր: Սոցիալական պայմաններում, երբ հազարավոր բնակիչներ տնակում են ապրում, ժողովուրդը մեզ ճիշտ չէր հասկանա, եթե մենք 40 միլիոն դրամ հատկացնեինք որմնանկարների վերականգնմանը: Հիմա երբ կառավարությունը լուծում է այդ խնդիրը, մենք կարող ենք զբաղվել այլ խնդիրներով,-պարզաբանում է Արտաշես Կարապետյանը,-բայց դեռ մայիս ամիսը չեկած մենք բախվում ենք ահա այսպիսի որոշման: Նշանակում է, հերթական անգամ շրջանցվում է համայնքի կարծիքն ու ցանկությունը:

Վահան Թումասյան.-Պարզվում է, որ փետրվարի 8-ին «Արմենիա» ՓԲԸ-ն նամակով դիմել է կառավարությանը Մինասի որմնանկարների հետ կապված ու ընդամենը մի 30 օր հետո որոշում է կայացվել, այսինքն մարտի 12-ին Շիրակի մարզպետարանն արդեն տալիս է թույլտվություն տեղափոխելու,դա շատ զարմանալի է,որովհետեւ սովորաբար կառավարությունը որոշումներն ընդունում է 4-5 ամիս անց, եղել են դեպքեր, որ մեկ տարի է տեւել: Փաստորեն մեկ ամսվա մեջ նամակ է ստացվել աէրոպորտից, բոլոր ատյաններով անցել է մեկ ամսվա մեջ ու դրվել է հաստատման, մարզպետարանն իր թույլտվության մեջ նշել է, որ դիտողություններ ու առաջարկություններ չունեն: Միթե Շիրակի մարզպետը տեղյակ չէր, որ քաղաքի ավագանին ու քաղաքապետը հետաքրքրված են այդ խնդրով ու նամակներով դիմել են համապատասխան ատյաններին:

Արտուշ Պապոյան, քանդակագործ.-Ո՞ւմ համար են տանում, դրանով ախր երևանցին էլ չի հիանալու: Հիմա ո ՞վ կարող է մտնել կառավարական շենք` Մինասի գործերը նայելու համար, մինչդեռ դրանք ազգային արժեքներ են` ստեղծված Գյումրիում, գյումրեցու համար եւ պետք  է մնան Գյումրիում: Հակառակ դեպքում էլ ինչո ՞ւ են հետապնդում պատկերասրահներից կտավներ հափշտակող անձանց Սա էլ մշակութային գողության մի օրինակ է:

Զավեն Կոշտոյան.-Վիրավորված ենք: Մենք արժանի չե՞նք Մինաս ունենալու: Թող չօգտվեն էն առիթից, որ էս հոգսաշատ քաղաքում չենք կարողացել ժամանակին ձեռքներս դնել վրան ու նախկինում արգելել երկու որմնանկարները տանել:

Մայիսի 7-ին, «Շանթ» ՀՌԸ ուղիղ եթերում ընթացած քննարկման ժամանակ հեռախոսազրույցով միացավ նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. «Տղամարդավարի ասում եմ, էդ փողերը կան, 40 մլն դրամ, շվեցարական բանկում են, մենք պատրաստ ենք վճարել այդ գումարն ու Մինասի գործերը պահել քաղաքում»,- հայտնեց քաղաքապետը: Հեռախոսազանգից հետո, իր կարծիքը փոխեց նաև տաղավարում Շիրակի մարզպետարանը ներկայացնող, մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, որը մինչ այդ «ԳԱԼԱ»-ի ուղիղ եթերում` նմանատիպ քննարկման ժամանակ պնդում էր, որ որմնանկարները տանելը ճիշտ է, և գյումրեցիները պիտի գոհ լինեն կառավարության որոշումից: Ահա այսպիսի հեզաճկուն հարմարվողականություն:

asparez.am 
 

Ավելացնել մեկնաբանություններ


Անվտանգության կոդ
Թարմացնել

Գլխավոր Լուրեր Մենք արժանի չե՞նք Մինաս ունենալու
Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: