«Սենթ-Յագոյի տերը»
Հենրի դը ՄՈՆՏԵՐԼԱՆ
«Եթե նոյնիսկ մի շրջմոլիկ Ուրուական դարձել է քեզ նման դրակոնների վիթխարի մի բազմութիւն, միեւնոյն է, վախճան չի լինելու…Մոբիուսի հարթութեամբ նոյն կէտին կը վերադառնանք եւ կը շարունակենք մի նոր պարբերութիւն առանց քեզ…
Պատմութեան այս դասը մոռանալու դէպքում Մոբիուսի հարթութիւնը կը վերանայ… Եւ Վարդանի, Օրլեանի Կոյսի, Գարիբալդիի, Դրաստամատի, Վալեսայի ժողովուրդները իրենց հայրերի երկրի մէջ կ'ապրէն որպէս օտարականներ… »
«Մոբիուսի Ժապավենը»
Կարէն Ա. Սիմոնեան
Գրում եմ… գրում եմ այս հոդվածն ու ոչ մի կերպ ավարտել չեմ կարողանում: Եւ պատճառը ոչ թե ծուլությունս է, կամ գերզբաղվածությունս, այլ ամենօրյա այն «նորությունների» ու «փոփոխությունների» տարափն ու հոսքը, որի ականատեսն ենք : Բայց քանի որ նորություն եւ փոփոխություն բառերն առա չակերտների մեջ, քանի որ դրանք իսկապես պատրանքային են ու սոսկ տարբեր անկյուններից, նույն խեղաթյուրված իրականության արտացոլումը, ապա այնուամենայնիվ վերադառնալու եմ նախկին, այսինքն «ելման կետին» եւ խոսեմ ԳԼԽԱՎՈՐԻՑ:
Ենթադրում եմ, թե այլեւս հասկանալի ու բացահայտ է այն, որ ընդդիմություն-իշխանություն երկխոսություն ասվածը միմիայն փակուղու է հասցնում ազգային ժողովրդավար միտքն ու ազատագրական պայքարը: Կոտրում է հայի ողնաշարն ու ջլատում նրա ոգեղենությունն ու կամքը : Որովհետեւ անընդհատ քննարկելով գործող անձանց եւ նրանց գործողությունները, ինքներս դարձել ենք դրանց «զոհը»: Սրանց մասին անընդհատ խոսելով, իրականում լիցքաթափվում ենք եւ կորցնում ենք այն բացառիկ հնարավորությունը, որ նախախնամությունը նորից ընձեռեց մեզ: Երեւի ժամանակն է մտածել թե հիմա՛ ԻՆՉ ենք անելու: ԻՆՉՊԵ՛Ս ենք անելու: Ո՛ՒՄ հետ ենք անելու: Եւ Ե՛ՐԲ ենք անելու :
Առհասարակ, չգիտեմ ինչու, իմ խոսքը շատերի վրա չարակամության եւ կամ չարամտության տպավորություն է թողնում: Ես չեմ արդարանալու ո՛չ հրապարակախոսական ոճիս եւ ո՛չ էլ այն տեսակետներիս համար, որոնք արդյունքն են ընդամենը երկարատեւ ուսումնասիրությունների եւ տրամաբանական եզրակացությունների: Ի դեպ, նրանց, որ փորձելու են նաեւ «փաստարկներ, ապացույցներ եւ հիմնավորումներ» պահանջել, հիասթափեցնելու եմ, որովհետեւ դրանք չեմ ներկայացնելու: Պարզապես «հիմնադիր» նախագահի, «երկրորդ» նախագահի եւ վերջապես երրորդ «գլխավոր հրամանատար» նախագահի չեկիստական Մոսկվայի կողմից նշանակված լինելու հանգամանքն եմ հիշեցնելու եւ սրանց երեքի այն լայնածավալ հակահայկական գործողությունների փունջը, որ իրականացնում են արդեն 20 տարի շարունակ:
Իշխանության եւ ընդդիմության բավականին գռեհիկ (vulgaire) սիրաբանության կապակցությամբ հենց սկզբից ասացի կարծիքս որ, իհարկե, յուրօրինակ չէ: Բայց անպայման թերեւս պետք է խոսել այն խնդրի շուրջ, թե արդյոք ի սկզբանե թատերգության մի տեսարա՞ն չէր այս ամենը: Եւ արդյոք, նույնիսկ գլխավոր գործող անձանց մերձավորները տեղյա՞կ էին նյութից, առաջադրված հանգամանքներից եւ միջանցիկ ու հակամիջանցիկ գործողություններից:
Ամեն անգամ, երբ խոսք է բացվում այս խնդիրները պարզելու առիթով, մի խումբ մարդիկ բավականին ընդգծված ընդվզում են, բացատրելով, թե. « հարկ չկա փորփրելու անցածն ու հինը, ժամանակն է առաջանալու, մոռանալու...» : Եւ հենց այս պահին էլ սկսում եմ հասկանալ, որ մեր անկատարության ու նաեւ, ինչու՞ չէ, դժբախտությունների մեղքը հենց մեր վզին է, որովհետեւ ամեն մի շրջադարձային պահի, փոխանակ գնահատելու ու վերագնահատելու եղածը, շուտափույթ շուռ ենք տալիս էջը, իսկ հետագային էլ, արդեն մոռացած ոչ միայն մանրամասներն, այլեւ ճակատագրական սխալները, նույնությամբ կրկնում ենք դրանք: Ավելին՝ հաճախ նաեւ նույն դերաբաշխմամբ :
Գրեթե երեք տարի է, որ հայ հանրությունն ու պրպտող միտքը ուզում է հասկանալ, թե ինչ է կատարվում: Ինչպե՛ս եղավ, որ «արմատական» ընդդիմությունը նախ ժողովրդին ոտքի հանեց, հետո թողեց փողոցում մեն-մենակ ու դեմ առ դեմ կրակոցների առաջ, հետո հայտարարեց, որ «դա իր ժողովուրդը չէ» ու հիմա էլ երկար ու ձիգ զրույցի է բռնվել «ավազակապետություն», «թաթար-մոնղոլ», «ղարաբաղցի» իշխանության հետ բավական չէ, դեռ իրեն բնորոշ շնական (cynique) մի կեցվածքով էլ այսօր հայտարարում է, թե ինքն առհասարակ արմատական ընդդիմություն չի եղել: Ուրեմն ժամանակն է, նաեւ, առանց սպասելու, որպեսզի վիքիլիքսյան տենդով տառապող լրագրողներն ու հանրությունը արեւմտյան դեսպանատների եւ դիվանագետների արձանագրությունները ստանալուց հետո աչքները բանան, այլ հենց հիմա: Չնայած, դեռեւս երեք տարի սրանից առաջ բացահայտ էր այս ճշմարտությունը, որ նաեւ հրապարակային արյունահեղության հասցրեց:
Մի քանի անգամ անդրադարձել եմ այն առեղծվածին, որ հայ իրականության մեջ կոչվում է «ընդդիմություն-իշխանություն»: Բազմիցս ակնարկել եմ նաեւ, թե այն ինչ համարում ենք ընդդիմություն, կամ ավելի ճիշտ մեծադղորդ՝ ՀԱԿ (Հայ ազգային կոնգրես), եղած օրվանից իսկ, եղել է պաշտոնական: Եւ ուրեմն երկխոսում են ոչ թե երկու իրար հակադրվող կողմեր, այլ նույն գլխին եւ ուղեղին պատկանող երկու ձեռք, որ ժամանակ առ ժամանակ, նաեւ պատրանք են ստեղծում, թե իրենց ընդհանուր գլխին պատկանող ոտքերից մեկի «հայտնությունը» սարսափելի ողբերգությունների կհասցնի հայությանն ու Հայաստանը: Բայց որպեսզի խնդիրն ավելի հստակ լինի, ապա թերեւս ուղղակիորեն, առանց անհայտների խոսեմ: Խնդիրը Լեւոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան երկխոսության եւ ճատրակի խաղի ու իբր սրանց հակառակ բեւեռում գտնվող Ռոբերտ Քոչարյանի մասին է:
Սակայն այս պատմության ամենահուսահատեցնող հատվածը միայն այն չէ, որ սրանք նույն չեկիստական Ռուսաստանի կողմից նշանակված երեք խամաճիկներ են, որոնց խնդիրը չի սահմանափակվում միայն ու միայն իշխանություն ձեռք գցելու անձնական շահով, այլ հատկապես եւ առաջին հերթին Հայաստանը Ռուսաստանին զոհաբերելու շատ կարեւոր հանձնարարականը իրագործելով:
Եւ քանի որ միայն չեկիստական Ռուսաստանին ենք ընդունակ նույնությամբ ընդօրինակել, ուրեմն պատկերն, իսկապես, բավականին գորշ է: Իսկ մեր վիճակը՝ գրեթե անելանելի:
Այսօր Հայաստանի ու տարաշխարհի հայը երեք նախագահներից որեւէ մեկին համակրելով, իրականում դատապարտված է: Որովհետեւ այն «նորությունները» որ օր-օրի բացահայտում են իրականությունը, որքան էլ ոմանց կողմից մեկնաբանվեն որպես «չարամիտ արեւմուտքի կեղտոտ դավադրություն», առավել եւս՝ «hուդամասոնական ստոր գործողութիւններ», միեւնույն է՝ դառնում են հասարակական կարծիք եւ արդյունքում սպառնում են հային թողնել... առանց ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ եւ կուռքերի: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ կամ հայը մնալու է «անտեր» ու «անսեր» եւ շվարելու է իր այդ նոր վիճակից, ու կամ էլ ի վերջո՛ ինքնագիտակցության է գալու ու ո՛չ թե կուռքեր, այլ իրեն Ազգային Ազատագրության ճամբան ուղեկցող այն մարդկանց, այն առաջնորդներին ընտրի, որոնց իրավացիության մեջ, ազնվության մեջ համոզվելու մի քանի փորձված միջոցներ կիրառելուց հետո հայտնի կդառնա, թե սա էլ մի հերթական դրածո չէ՞ արդյոք: Իհարկե, մարդն ու անձնավորությունը կարեւոր է: Բայց միթե՞ մենք չենք կորցրել մեր ընդունակությունը լավը վատից զատելու: Միթե՞ մենք վերջին 300 տարվա ընթացքում, բացի մեկ-երկու բացառիկ դեպքից, կարողացել ենք իսկապես կողմնորոշվել մեր ազատագրության կայացման խնդրում: Մի՞թե այլեւս ձերբազատված ենք համակրանք-հակակրանքից դուրս տեսնել մարդկանց ու իրականությունը: Մի՞թե ընդունակ ենք սատարել որեւէ մեկին, որին ինքներս ֆյուրեր ենք սարքում, եւ միեւնույն ժամանակ չվարկաբեկել ու առանց բամբասանքների ու բանսարկությունների խոսել նույն, կամ գրեթե նույն խնդիրները դնող մեկ ուրիշ թեկնածուի մասին: Ո՛Չ եւ հազար անգամ Ո՛Չ: Մենք մնում ենք նույն «ռուս-թաթար-իսլամ-արեւելյան» մտածողության այն կրողը, որ ընդունակ է սոսկ գլխակորույս հետաքրքրվել սրա-նրա սեռային կյանքի մանրամասներով, ընդամենը թեթեւ ժպիտով այդ կարգի ամեն պատմություն ընկալելու փոխարեն. որ սեփական վերլուծություններ անելու փոխարեն, պարզապես հակված է կրկնել զանգվածային լրատվության այն մեկնաբանությունները, որ կատարվում են աշխարհի ու երեւույթների մասին եւ կատարվում են ընդամենը նույնությամբ կրկնելով «հավերժական բարեկամ» ռուսի «առաջադեմ» միտքը: Որովհետեւ հայ լրագրողն ու մեկնաբանը, որպես կանոն, իրեն նույնիսկ նեղություն չի տալիս, իսկապես խորանալու, իսկապես լսելու Ռուսաստանի ԱՌԱՋԱԴԵՄ միտքը, որ իրականում օգնելու է հային իր ստրկամիտ մտածողության սահմաններից դուրս գալ եւ կայսրությունից իր կախյալ վիճակը փոխել՝ վերջապե՛ս փրկվել :
Մենք վաղուց ենք շփոթել ֆյուրերին՝ ազգային իրական եւ արդարամիտ առաջնորդի հետ: Բայց ուշադրությո՛ւն… խոսքս վերաբերում է ոչ երգ ու պարի սիրահար «հիմնադիր» ու ոչ էլ ճատրակի չեմպիոն վերջին նախագահներին: Այլ Նժդեհի նման, կամ Դը Գոլի նման մեկին, որ իր հեղինակությամբ միայն, կարող էր օտար ասպատակողներից եւ ազգային գավառամտությունից փրկել երկիրը:
Այսօր, «Անկախության եւ Ազատության» 20-ամյա հոբելյանը ճոխ տոնակատարություններով նշող հայությանը ոչինչ չի մնում, քան վերականգնել նաեւ նոյեմբերի 7-ը տոնելու վաղեմի սովորությունը : Որովհետեւ մենք նորից մնում ենք ցուցափեղկային իրականության մեջ:
Իմ խորին համոզմամբ, մենք ի սկզբանե ենթարկվեցինք այն խաղի կանոններին, որ թելադրվեց մեզ Մոսկվայի կողմից եւ խնդիրները իրենց հիմքում դիտելու եւ այդ հիմքը արմատախիլ անելու փոխարեն, ոչ միայն սկսեցինք քննել ու վերլուծել բացահայտ խաբեությունը, այլ նաեւ այնքան միամիտ գտնվեցինք, որ խայծը կուլ տալով, վստահ ենք, թե Քոչարյան-Սարգսյան-Տեր-Պետրոսյան եռյակը, իսկապես երեք առանձին ու ինքնուրույն քաղաքական ուժ է եւ որ ամենակարեւորն է՝ իրար հակազդող:
Ըստ երեւույթին, ժամանակն է քննարկումները վերականգնել այն տրամաբանական հունով, ըստ որի բացահայտելու ենք ոչ միայն թե՝ ովքեր են սրանք, այլ թե՝ ում կողմից եւ ինչու են «ակտիվացվել»: Իսկ եթե գիտենք, ապա ինչո՞ւ ենք հուզվում, օրինակ, Քոչարյանի պարապ սպառնալիքներից, թե վերադառնալու է քաղաքականություն: Ինչո՞ւ ենք մոռանում, որ Ռուսաստանի մեջ որեւէ բան չի փոխվելու առաջիկա ընտրություններին: Որ Պուտինը չէր հեռացել եւ հիմա չի վերադառնում որպեսզի մի բան էլ Քոչարյան վերադարձնի: Որ, ի վերջո, սրանք երեքով Մոսկովյան պատվերը կատարող այն խամաճիկներն են, որ իբր իրար դեմ ելնելով ընդամենը փորձում են վիժեցնել իրական ընդդիմության հասունացումը: Լեւոնը երբեք եւ որեւէ նպատակ չի հետապնդել: Լեւոնն ընդամենը եղել եւ մնում է չեկիստական Մոսկվայի հանձնակատար իր հաջորդ երկու դրածո գործընկերների հետ մեկտեղ: Իսկ բոլոր նրանք, որ թե՛ ժամանակին, թե՛ այսօր նկատել եւ նկատում են այս ճշմարտությունը, ենթարկվելու են արդեն փորձված եւ լավ յուրացված այն հալածանքներին, որից հետո էլ համարվելու են «աբիժնիկներ» (սա նոյնպէս պուտինյան Ռուսաստանի բառապաշարից է, որ կայսրության իշխանությունները գործածում են իրենց քաղաքական եւ արմատական ընդդիմության առաջնորդներին վարկաբեկելու համար, իբրեւ «մսուրքից կերակրվելու հնարավորությունից զրկված», հետեւաբար՝ ընդամենը բարձրագույնից մերժված լինելու պատճառով վիրավորված մարդիկ):
Մեկ խոսքով ասած, մեր՝ «աբիժնիկներիս», բայց իրականի մէջ ազատամարտիկների շարքերը համալրվում են: Եւ որքան առատորեն համալրվեն, այնքան արագ եւ արդյունավետ կդառնա մեր պայքարը գաղութարարի դէմ ու կիրականացվի մեր ազատագրությունը:
Իհարկե՛… Գրեթե երեք տարի է, որ հայը քննարկում է , թե ով է ավելի լավը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, թե՞ Սերժ Սարգսյանը: Քննարկումները սկսում ու չեն ավարտվում, եւ դրա փոխարեն թնջուկն ավելի ու ավելի է խճճվում ու այն քանդելու միջոցն էլ ոչ մի կերպ չի երեւում : Հատկապես, որ ամռան տապին էլ որպես «արձակուրդախաղ» հային առաջարկվեցին վիքիլիքսյան բազմազան ու բազմաթիվ «բացահայտումներ», որ սիրով սկսեցին քննարկել լրագրողներն ու խորաթափանց մեկնաբանները, արդյունքում հանգելով երկու եզրակացության՝ «բա չե՞ն ամաչում այս արտասահմանցի դիվանագետները» եւ կամ «վա՞յ, այս ինչ նորություններ ենք իմանում»... Այս երկու միտքն էլ իրականի մէջ ինքնախաբեության տարբեր դրսեւորումներ են: Որովհետեւ դեռեւս վաղուց ենք գլխի ընկել չէ՞, թե ինչն-ինչոց է:
Հիմա էլ, «ընդդիմությունը» մի նոր զբաղմունք առաջարկեց՝ ամառային «խաղաղ ցույցերը» փոխարինեց վճռական եւ խոսուն յոթօրյա քեֆ-ուրախությամբ:
Չնայած, դեռեւս 1991-ին հայտնի էր ու հասկանալի՝ որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշանակված է Մոսկվայի կողմից, բայց ինչպես այսօր, այդ օրերին էլ մարդիկ կային, քաղաքական գործիչներ ու մտավորականներ կային, որ պնդում էին, թե ո՛չ, նրան ժողովուրդն է ընտրել: Իրականում ժողովուրդը նրան չէր ընտրել: Այս պատրանքն էլ Մոսկվայի վարժ եւ հետեւողական գործելակերպի շնորհիվ հայի մեջ համոզմունք ստեղծեց, թե ինքը կարող է եւ հատկապես իրավունք ունի ընտրություն կատարել իբրեւ անկախ եւ ազատ երկրի մի քաղաքացի: Այնինչ, «բարեփոխումներով» ոգեւորված հայը հավատացած լինելով, թե Մոսկվան իսկապես իրեն ազատություն է տվել, նախագահ ընտրելիս, վստահ էր, թե ընտրում է ազատ եւ անկախ ապրելու իր իրավունքը: Բայց եթե ավելի հեռուն գնանք եւ մեկ ակնթարթ իսկ երեւակայենք այն տարբերակը, ըստ որի չէինք «ընտրելու» Լեւոն Տեր-Պետրոսյանին, միթե՞ դժվար է իսկույն եւեթ պատկերացնել, որ լինելու էր 1996-պատմությունը:
Սակայն, պատմությունը չսրբագրելու սկզբունքին հավատարիմ մնալով, միայն եթեականներով սահմանափակվելով հիշենք, թե ինչ կատարվեց այս «ժողովրդական ընտրությունից» քիչ անց, երբ դեռեւս սովետական, բայց արդէն խորհրդարանային հանրապետության վարչապետ Վազգեն Մանուկյանը իր տնտեսական եւ քաղաքական ծրագիրն իրականացնելիս, փաստորեն իսկապես ապահովելու էր երկրի անկախացումն ու ազատությունը, ազատագրումը:
Բայց նախ գնահատենք 1990-91ի այն ամիսները, երբ Հայաստանը de facto վարչապետական էր։ Եւ այդ կարգավիճակը ոչ թէ ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի բարյացակամության արտահայտությունն էր Վազգէն Մանուկյանի նկատմամբ, այլ ԻՐԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ (եւ դա՝ հանրաքվեից շատ ավելի առաջ)։ Քանի որ իմ հոր՝ Կարեն Ա.Սիմոնյանի եւ նրա մերձավոր շրջապատի համոզումով գաղութային իրականությունից ազատագրուած Հայաստանը լինելու էր վարչապետական եւ հանդիսանալու էր 1918-20 թվականների Հանրապետության ժառանգորդը։
1991-ի սեպտեմբերյան եւ արդէն ձեւական բնույթ ստացած հանրաքվեին Մոսկվայի թելադրանով անմիջապէս հետեւեց նախագահական վարչակարգի ներմուծումը։ Եւ երկրում արմատական բարենորոգչություններ իրականացնող Վազգեն Մանուկյանի փոխարեն՝ նախագահության պաշտոնին հանձնարարվեց Կրեմլի վստահված անձը։ Խիստ բնորոշ դրվագ է, որ մինչ դրածոյի ընտրությունը վարչապետական պարտականություններից հրաժարեցվեց հանրապետության մեջ փաստական իշխանությունը կրողը։
Այսօր թող ոչ ոք չկասկածի, թէ նախագահական պաշտոնին հայ ժողովուրդը միասնաբար քվեարկելու էր Վազգեն Մանուկեանի օգտին (ինչը տեղի ունեցավ 1996-ին, երբ ժողովուրդը սթափվեց, բայց արդեն ուշ էր)։
Այսպիսով, ԿԳԲ-ի հետ ուխտ չկնքած Վազգեն Մանուկյանին փոխարինելու համար, Մոսկվան Հայաստան ուղարկեց իր հերթական մի խանջյանի, թովմասյանի, քոչինյանի, դեմիրճյանի… Եւ ո՛չ երբեք ավելին։
Լեւոն Տեր-Պետրոսյանը անմիջապէս բացահայտեց այն ծրագիրը, ինչը իրականացնելու նպատակով նրան «ուղարկել» էր Մոսկվան։ Եւ այդ ծրագիրը բացահայտվեց այնքանով, որքանով Ղարաբաղի ազատագրության գործին ոչ մի մասնակցություն չբերած ՀՀՇ 11 հոգիանոց «բյուրոյի» 8 անդամները, ովքեր հավաքագրվել էին մոսկովյան բանտերում, շուտափույթ ստացան նախարարական աթոռներ։ Եւ, իսկապէս, Բաբկեն Արարաքցյանի, Սամվել Գեւորգյանի, Վազգեն Սարգսյանի կամ Վանո Սիրադեղյանի պաշտոնական աթոռներին հայտնվելը արդեն իսկ համապատասխան ուղերձ էր, թէ ինչ արհավիրքներ են պայթելու ժողովրդի գլխին… Արհավիրքներ, որոնք պայթեցին եւ շարունակում են պայթել մինչեւ այսօր…
Տեր-պետրոսյանական ծրագիրը շատ ավելի հասկանալի դարձավ լայն զանգվածին հետագա մի քանի տարիներին։ Արդէն բոլորին հայտնի էր, որ նեոգաղութ կամ «նորազատ-անկախ» Հայաստանի «հիմնադիր նախագահը»՝ Հայաստանն ու հայ ժողովրդին թույլ չի տալու ազատագրվել, թույլ չի տալու մնալ իր գլխի տերը: Որովհետեւ Մանուկյանի ծրագիրն իրականանալիս, հայն իսկապես ազատագրվելու էր… Իսկապե՛ս պետք է հարստանար եւ ոչ թե հարստահարվեր… Քանի որ ստանալու էր ազատ աշխատանքի իրավունք… Անկախանալու էր… Եւ ոչ թե այս էլ արդեն 20 տարի, ձեռքը պարզած սպասելու այս ու այն ազգականի ու ընկերոջ դրսից ստանալիք օգնությանը, կամ այս ու այն գրանտը ստանալուն:
Ի դեպ, սկզբում տարօրինակ էր թվում «հիմնադիր նախագահ» արտահայտությունը: Հիմա սկսել եմ ոչ միայն համակերպվել, այլ նույնիսկ շատ հավանում եմ այն: Որովհետեւ այս արտահայտությունն ինքնաբերաբար բացահայտում է, թե՛ «հիմնադիրի» եւ թե՛ իր երկրպագուների իրական վերաբերմունքն երկրի նկատմամբ, որ կայանում է սահմանափակ պատասխանատվության ընկերությունների (ՍՊԸ) տրամաբանությանը, որ չարաշահումներից ու հափշտակություններից հետո, մի օր էլ կարող է լուծարվել : Ուրեմն, քանի որ Հայաստանը չեկիստական Մոսկվայի կողմից հիմնադրված եւ Կրեմլի կողմից էլ նշանակված զանազան նախագահներ ունեցող մի այսպիսի հիմնարկ է, հետեւաբար Լեւոն Տեր-Պետրոսյանին էլ հանգիստ խղճով կարելի է համարել հիմնադիր նախագահ :
Իրականում եղելությունը շատ ավելի պարզունակ է, քան փորձում ենք բացատրել ճատրակի բարդ խաղարկումներով եւ իշխանափոխության հորդորներով:
Վրաստանի փաստացի եւ իրավական ազատագրումից հետո, բնականաբար հաջորդները լինելու էին Հայաստանն ու Ադրբեջանը, քանի որ ռուսական կայսրության մեջ արդեն ոտքի էին կանգնել արժանապատվության զգացումը չկորցրած այն մեծ ու փոքր ժողովուրդները, որոնց ընդվզումները գաղութացումից ի վեր չէին էլ դադարել, չնայած ժամանակ առ ժամանակ ռուսական զենքի ու հեղված արյան միջոցով «խաղաղեցվում» են: Այս «ճակատագրական» պահին, Մոսկվան բնականաբար անհանգստանալու էր Հայաստանի իրական ընդդիմության եւ դրանից հետեւող, իր համար ամենասոսկալի հետեւանքների առիթով: Անհանգստանալու էր ճիշտ այնպես, ինչպես անհանգստացավ 1991-ին, 1996-ին եւ ապա 1998-ին, երբ, մի դեպքում ժողովրդի վրա կրակելով, եւ մյուս դեպքում առանց «ծայրահեղ» քայլերի դիմելու, իր մի սպասեակին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին հանգիստ եւ որպես ճատրակի անօգնական մի «զինվորիկ» հետ տարավ, կամ խաղից հանեց, խաղալու համար մեկ ուրիշ սպասեակ՝ Ռոբերտ Քոչարյան «գամբիտը»: Բայց քանի որ Վրաստանի օրինակը շատ էր գայթակղիչ ու ոգեշնչող, Հայաստանի իրականությունն էլ այնքան ողբերգական եւ ծայրահեղ, որ գրեթե անխուսափելի էր պայթյունը, ապա 2008-ին այլեւս հնարավոր չէր նույն «խոհեմությամբ» խաղալ խաղը, ընդամենը սատրապներին փոխանակելու սկզբունքով, այլ անհրաժեշտ էր նաեւ «ձիով քայլեր անել»: Բնականաբար ԿԵՆՏՐՈՆԸ շլացուցիչ վճռականություն ցուցաբերելով, հանկարծ, որտեղից-որտեղ գտավ եւ մեջտեղ բերեց անցյալի փոշու շերտերի տակ թաղված փարիսեցի հիմնադիրին։ Եւ հայտնվեց ինքը՝ Հայաստանի սահմանափակ հանրապետության հիմնադիրը ու հռչակվեց որպես միա՛կ, միա՛կ իսկական, միա՛կ եւ անփոխարինելի ընդդիմություն: Իսկ իրականում իրական ընդդիմությունը, իրական ազատագրական պայքարը եւս մեկ անգամ խոտանելու արդեն իբրեւ փորձված ու դարձվոր դերակատար, սկսեց եռամյա այն խաղը, որի ընթացքին ամեն ինչ արվեց, բոլոր քայլերը կատարվեցին, որպեսղի այնուամենայնիվ մարի՛ հայի վճռականությունը իր կորսված ու ոտնահարված արժանապատվությունը վերականգնելու համար: Որպեսզի շեղվի՛ մարդկանց ուշադրությունը իրական եւ ՄԻԱԿ հակառակորդից, որ իր անազատությունն է, իր ստրկությունն է, իր կախյալությունն է գաղութարարից: Եւ հենց սրան զուգահեռ նաեւ հանդիսություններ եւ շքերթներ են կազմակերպվում Հայաստանի «անկախության եւ ազատության» տոնակատարությունների առիթով: Սա դեռեւս 20 տարի առաջ սկսած բեմադրության հիմնական միջանցիկ այն գործողությունն է, որով եւս մեկ անգամ հաստատվում է, թե միայն արտաքին թշնամին չէ, որ սպառնում ու հալածում է մեզ, այլեւ հենց մեզանում ծվարած այն գոռոզ դատարկախոսը, որ այնպես էլ չհասկացավ, թե շաքար-շաքար ասելով ոչ թե բերանն է քաղցրանում, այլ մի ավելորդ անգամ դատարկ որովայնի ստամոքսահյութն անհարկի զկրտոցներ առաջացնելով, միայն ու միայն անհարմար վիճակ է ստեղծում: Որովհետեւ, եթե անկախ ենք, ապա ինչո՞ւ ենք անհանգստանում Պուտինի վերադարձից եւ Ռոբերտ Քոչարյանի նորից իշխանության գալու հավանականությունից: Բայց սա էլ մի առանձին նյութ է, որ նույնպես բացահայտվելու աղերս ունի:
Բանն այն է, որ բացարձակապես անկյալացած ու ծույլ մեր մտածողությամբ դեռեւս կարծում ենք, թե՝ Պուտինը հեռացել էր եւ հիմա էլ վերադառնում է: Որ հոկտեմբերիկ Մեդվեդեւի եւ պիոներ Պուտինի միջեւ երբեւէ անջատում ու «ջրբաժան» եղել է, եւ հիմա էլ մեզ մնում է միայն սարսափել Պուտինի վերադարձի լուրն առնելով: Կարելի է կարծել, թե Մեդվեդեւի նախագահության օրոք Պուտինը չի կայացրել բոլոր որոշումները ընդամենը «խորհրդակցելով» ձեւական նախագահի հետ: Եւ կամ բոլորովին վերջերս չէր, որ Պուտինը դեռեւս որպես վարչապետ հայտնեց, թե մտադրություն ունի վերականգնել սովետական միությունը, որովհետեւ դա Ռուսաստանի եւ մյուս հանրապետությունների միակ երաշխիքն է միասնականության ու անվտանգության առումով:
Հենց այս հենքի վրա, իրավիճակի այսպիսի դրսեւորման պայմաններում, մենք էլ այնքան հեռատես եւ ամենատես ենք, այնքան խորաթափանց ենք, որ ի վիճակի ենք նաեւ ենթադրություններ եւ կանխատեսումներ անել, թե Պուտինի վերադարձով կարող է նաեւ վերադառնալ Քոչարյանը: (Լաւ… Իսկ մեր ազատությունն ու անկախությո՞ւնը, մեր ձեռքով մեր հերկը անելու իրավո՞ւնքը… Թէ՞ մենք էլ շահագրգռված ենք Քոչարյանի ադամանդի բիզնեսը ծաղկացնելով)։ Հատկապես որ, ըստ թատերագրության, սա էլ իր հերթին է «ալիքները խառնում» եւ իր դերակատարությունը կատարում, ցաք ու ցրիվ այն սպառնալիք-հայտարարություններով, թե պատրաստվում է իշխանության գալ:
Բայց արդյունքը լինելու է այն, ինչ Մոսկվան ծրագրել է: Այսինքն Հայաստանն ամեն գնով իր ճիրանների մեջ պահելու համար, բոլորովին կարեւոր չէ, թե երեք նախագահից ո՛րը կհայտնվի իշխանության գլխին: Սարգսյանը կմնա, Տեր-Պետրոսյանը կգա, թե Քոչարյանը՝ որեւէ բան չի փոխվելու : Ս՛ա է որ չենք ըմբռնում: Որովհետեւ բացառված չէ նաեւ այն հետաքրքիր տարբերակը, ըստ որի ի վերջո արտահերթ ընտրություններ կլինեն եւ ոհ՜ հրաշք»՝ Լենդրոշ Տեր-Պետրոսյանը «կընտրվի» նախագահ : Կընտրվի՞, թե՝ կնշանակվի, այս անգամ արդեն բացահայտորեն իր պարարվեստի եւ քեֆչիության ունակությունների շնորհիվ, անշուշտ, բայց գոնե այլեւս չի շահատակվի «ընտրված լինելու» հանգամանքը:
Այսինքն, մենք ընդամենը մարդակերպ կապիկներ ենք: Ռուսաստանին կրնկակոխ հետեւող ու կրկնող այն գարշելի ցեղը, որի ամեն ներկայացուցիչ բավարար գոռոզ է ինքն իրեն հայրենասեր կոչելու համար, սակայն բնավ ո՛չ ինքնասեր կամ արժանապատվության զգացում ունեցող: Ռուսաստանը վերականգնեց սովետական օրհներգը, մենք էլ իսկույն սկսում ենք հասարակական քննարկումներ ծավալել ու հանկարծ բանից պարզվում է, թե Հայաստանի փառերգը «բավականաչափ ոգեշնչող եւ ուրախ չէ, ռիթմիկ առումով չի համապատասխանում օրհներգի կանոններին»: Դրանից առաջ էլ ամենաթշվառ ու խեղճ տարիներին հանդգնեցինք փոխել օրհներգի առաջին տողերը, որովհետեւ, ասացե՜ք խնդրեմ, մենք ի՞նչ «անտեր ու թշվառ»: Մենք տեր ունենք եւ ուղղակի փթթում ենք… բարգավաճո՜ւմ ենք…
Սեպտեմբեր 30-ի իշխանական ընդդիմության հայտարարություններից մեկն առավել զարմացրեց ինձ: Մի տեսակ déjà vu-ի զգացում ունեցա: Վերադարձա 1990-ականները, երբ ամենաթեթեւ ու աննկատելի դժգոհությունները խեղդվում էին պատերազմի սպառնալիքներով: Հիմա նորից մի տեսակ ակնարկ նկատեցի, երբ լսեցի, թե շուրջօրյա հանրահավաքները ի թիվս այլոց, կարող են դադարել նաեւ պատերազմ սկսելիս: Ի՞նչ պատերազմ, ո՞ւմ հետ պատերազմ, ինչո՞ւ կրկին պատերազմ… Արդյոք եթե չեկիստական Մոսկվայի դրածո Սերժ Սարգսյանին հանդգնենք չփոխել չեկիստական Մոսկվայի դրածո Լեւոն Տեր-Պետրոսյանով՝ մեզ պատերա՞զմ է սպառնում:
Որովհետեւ սա կնշանակի որ գալու են այն ուժերը, որ անպայման ի վերջո իրականացնելու են հայի նվիրական երազանքը՝ նրան ազատագրելով: Թերեւս հենց սա նկատի ունի ՀԱԿ-ը, որովհետեւ իր գոյության ամբողջ ընթացքում ոչ թե պայքարի, այլ զավզակության ու ցուցքի փայլուն ներկայացում ցուցադրելով, կաթվածահար արեց, էլի՛ շեղեց հային իր ազատագրական պայքարից: Լեւոնականությունը, նաեւ Ախպարաշենի տուտուներին հատուկ եւ վայել՝ դեռեւս 90-ականներից մի շատ արդյունավետ սկզբունք է որդեգրել… Բոլոր նրանք, որ չեն ենթարկվում Լենդրոշին, իսկույն զոհ են դառնում ամենախայտառակ ու նվաստացուցիչ բամբասանքների: «Աբիժնիկներ»-ի ցուցակը Լեւոնն այս անգամ էլ ավելացրեց: Բայց ես, ինչ-որ չափով ուրախ եմ սրա համար: Որովհետեւ, գոնե ժամանակակից «աբիժնիկները» հիմա կհասկանան, թե մեզանում ոչ թե ատելություն կամ վիրավորվածություն է եղել, կամ ոչ թե այս զգացումներն են ուղեկցել շատերին հեռանալ ՀՀՇներից եւ Լենդրոշից, այլ նրանց հեռանալուց հետո են հյուսվել բոլոր տեսակի լեգենդներն ու առասպելները, վարկաբեկելու համար ամեն մեկին, որ համարձակվել է տեսնել ու հասկանալ, որ Լենդրոշն ընդամենը խամաճիկ է: Ի դէպ՝ սիրիական կոմունիստական կուսակցության գործիչ Հակոբ Տեր-Պետրոսյանի դրած անունն է՝ Լենինյան Դրոշ — Լենդրոշ, որպիսիք կային նաեւ սովետական Հայաստանում եւ հայաստանցիների բերանին դարձել է Լենդրուշ… Սա՝ ի միջի այլոց, բայց ոչ իբրեւ վերջին պարբերություն։
Վերջին պարբերությամբ՝
Ես հույս ունեմ, նույնիսկ համոզված եմ, որ այլեւս ուժ եւ ցանկություն չունենք նորից մի քսան երկար ու ձիգ տարի սպասելու, որպեսզի այս երեքի մեջ պտտվող ժանգոտած կարուսելը վերջնականապես փշրվելով, մեզ էլ երկաթների թափոնի տակ թողնելով՝ կատարելապես խեղի մեր ընտիր տեսակը։ Մեր Ցեղը… Որովհետեւ եթե եւս քսան տարի սպասենք, ապա սրանք իրենց տերերի հետ հիմնովին հայաթափելու են Երկիրը : Վերջնականապես կաթվածահար են անելու հայի ոգին: Եւ մենք պատմության դասերը եւս մեկ անգամ չսերտած, այն մրջյունին ենք նմանելու, որ հայտնվելով Մոբիուսի ժապավենի վրա, անընդհատ եւ միշտ նույն շրջանը գործելով, նորից հայտնվելու է իր սկզբնական կետին:
Լիլիթ Կ. ՍԻՄՈՆԵԱՆ
2011
Փարիզ