«Արեւելյան գործընկերության» Վարշավայի գագաթաժողովում ընդունված համատեղ հռչակագրի ամբողջական տեքստը
Ուրբաթ, 30 Սեպտեմբեր 2011 21:23
Hits smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon

«Արեւելյան Գործընկերության Վարշավայի Գագաթնաժողովի

Համատեղ Հռչակագիր

Վարշավա, սեպտեմբերի 29-30, 2011թ.

 

Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, ԲելառուսիՀանրապետության, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության եւ Ուկրաինայի` պետության կամ կառավարության ղեկավարները եւ ներկայացուցիչները, Եվրոպական Միության ներկայացուցիչները եւ դրա անդամ երկրների պետության կամ կառավարության ղեկավարները եւ ներկայացուցիչները 2011թ. սեպտեմբերի 29-30-ը հանդիպեցին Վարշավայում վերահաստատելու իրենց հանձնառությունը Արեւելյան գործընկերության նպատակներին եւ շարունակական իրականացմանը: Եվրոպական խորհրդարանի նախագահը եւ Տարածաշրջանների կոմիտեի, Տնտեսական եւ սոցիալական կոմիտեի, Եվրոպական ներդրումային բանկի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչները նույնպես ներկա էին գագաթնաժողովին:

2009թ. մայիսին Պրահայի գագաթնաժողովով մեկնարկվեց ռազմավարական եւ հավակնոտ Արեւելյան Գործընկերությունը` որպես  Եվրոպական հարեւանության  քաղաքականության առանձնահատուկ ձեւաչափ` հավելյալ աջակցություն ցուցաբերելու Արեւելյան Եվրոպայի երկրների կայուն բարեփոխումների իրականցման գործընթացին` նպատակ ունենալով խթանել ԵՄ հետ նրանց քաղաքական ասոցացումը եւ տնտեսական ինտեգրումը: Պրահայում համաձայնեցված օրակարգը ներառում է Արեւելյան Գործընկերության ուղղորդող սկզբունքները, եւ Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները  վերահաստատում են իրենց հանձնառությունը  դրանց ամբողջական իրականացմանը:

Վարշավայի գագաթնաժողովը ըմբռնում է, որ խորացված բարեփոխումների ջանքերը ծառայում են համընդհանուր շահին, ուստի պետք է իրականացվեն ընդհանուր սեփականության եւ փոխադարձ պատասխանատվության ոգով: Արեւելյան Գործընկերությունը հիմնված է ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգման, օրենքի գերակայության արժեքների եւ սկզբունքների ընդհանրության վրա: Արեւելյան Գործընկերության բոլոր մասնակից երկրները հանձնառու են այս արժեքներին` համապատասխան միջազգային փաստաթղթերի միջոցով: ԵՄ անդամ յուրաքանչյուր երկիր նույնպես հանձնառու է վերջիններիս` Եվրոպական Միության պայմանագրի միջոցով: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ճանաչում են որոշ գործընկերների  եվրոպական ձգտումները եւ եվրոպական ընտրությունը, եւ նրանց հանձնառությունը` կառուցելու խորը ու կայուն ժողովրդավարություն: Նրանք ընդգծում են Արեւելյան գործընկերության առանձնահատուկ դերն աջակցելու համար նրանց, ովքեր ավելի սերտ  հարաբերությունների են ձգտում ԵՄ հետ:

Արդեն իսկ շատ ձեռքբերումներ են արձանագրվել: Գործընկեր երկրներում իրականացվել են քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ եւ ԵՄ ու նրա արեւելյան հարեւանների միջեւ հարաբերությունները զգալիորեն խորացել են: ԵՄ եւ նրա Արեւելյան հարեւանների միջեւ ավելի քան երբեւէ առկա է առեւտրային եւ  տնտեսական փոխգործակցություն: Այդ միտումը ամրապնդելու նպատակով, ԵՄ եւ նրա գործընկերների մեծ մասը ներգրավված  են Ասոցացման համաձայնագրերի շուրջ բանակցություններում, ինչը նաեւ համապատասխան պայմանները բավարարելուն պես կհանգեցնի նաեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծմանը: Միեւնույն ժամանակ նրանք ներգրավված են մայրցամաքով մեկ ընդլայնված շարժունակության զարգացման ուղղությամբ: Ազատ վիզային ռեժիմի շուրջ երկխոսությունը մեկնարկել է Ուկրաինայի եւ Մոլդովայի Հանրապետության հետ: Վիզայի դյուրացման ռեադմիսիայի  համաձայնագրեր են կնքվել Վրաստանի հետ, եւ նման համաձայանգրեր նախատեսվում են կնքել նաեւ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության հետ:

Արեւելյան Գործընկերության էության մասն է նաեւ կառավարություններից բացի, հասարակության բոլոր շերտերի հետ համագործակցությունը: Վարշավայի գագաթնաժողովը ողջունում է “Եվրոնեստ” խորհրդարանական վեհաժողովի հիմնումը, ինչպես նաեւ Քաղաքացիական հասարակության ֆորումի միջոցով քաղաքացիական հասարակության աճող դերակատարումը: Այն ողջունում է Արեւելյան Գործընկերության Բիզնես ֆորումի եւ Արեւելյան Գործընկերության Տարածաշրջանային եւ տեղական իշխանությունների համաժողովի ստեղծումը:

Ընդունելով եւ ողջունելով մինչ այժմ արձանագրված առաջընթացը` Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ընդգծեցին, որ Արեւելյան Գործընկերության նպատակներին հասնելու համար դեռ շատ անելիքներ կան, ներառյալ համագործակցության գոյություն ունեցող գործիքների համապատասխանեցումը: Այս առումով նրանք ողջունում են Բարձր ներկայացուցչի եւ Հանձնաժողովի կոմից հրապարակված Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման մասին հաղորդագրությունը:  Ավելի մեծ տարբերակվածությունը եւ փոխադարձ պատասխանատվությունը հնարավորություն կընձեռեն առանձին գործընկերներին ավելի լավ գնահատելու իրենց ձգտումները, կարիքները եւ կարողությունները: Համաձայն այս սկզբունքների` բարեփոխումների ընթացքով կպայմանավորվի համագործակցության ինտենսիվությունը, եւ բարեփոխումների իրականացման մեջ առավել ներգրավված գործընկերներն ավելի շատ կշահեն ԵՄ հետ իրենց հարաբերություններից` ներառյալ ավելի սերտ քաղաքական ասոցացման, ԵՄ ներքին շուկային ավելի խոր աստիճանական տնտեսական ինտեգրման եւ ԵՄ ավելացող աջակցության միջոցով: Այն ներառում է աջակցություն քաղաքացիական հասարակությանը եւ սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ պետական մարմինների համապարփակ զարգացում, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի ամրապնդում, շուկաների ավելի մեծ հասանելիություն, ներդրումների աջակցության համար Եվրոպական ներդրումային բանկի (EIB) ավելացող ֆինանսավորում եւ շարժունակության դյուրացում` լավ կառավարվող եւ անվտանգ  միջավայրում: Հակամարտությունների կարգավորումը, վստահության ամրապնդումը եւ բարիդրացիական հարաբերությունները էական նշանակություն ունեն տարածաշրջանում տնտեսական եւ սոցիալական զարգացման ու համագործակցության համար:

Մասնակիցները համաձայնում են, որ Արեւելյան Գործընկերությունը պետք է նշնակալիորեն ամրապնդվի  եւ պարտավորվում են խթանել նրա իրականացումը` հիմնական նպատակ ունենալով կառուցել ժողովրդավարության, բարեկեցության եւ ընդլայնված փոխգործակցության ու փոխանակումների ընդհանուր գոտի: Նրանք համաձայնում են նաեւ, որ Արեւելյան Գործընկերութան ձեռքբերումները եւ առաջընթացը պետք է  գործընկեր երկրների քաղաքացիներին բերեն անմիջական եւ շոշափելի օգուտներ, եւ նրանք հանձնառություն են ստանձնում ընդլայնել իրենց ջանքերը Արեւելյան Գործընկերությունը բոլորին ավելի տեսանելի դարձնելու համար:

***

Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության եւ Ուկրաինայի` պետության կամ կառավարության ղեկավարները եւ ներկայացուցիչները, Եվրոպական Միության ներկայացուցիչները եւ դրա անդամ երկրների պետության կամ կառավարության ղեկավարները եւ ներկայացուցիչները հանձնառու են Արեւելյան գործընկերության հաջողության եւ զարգացման նկատմամբ, եւ ուստի համաձայնվել են հետեւյալին.

Ավելի խորը երկկողմ ներգրավվածություն` քաղաքական ասոցացում, սոցիալ-տնտեսական ինտեգրում եւ շարժունակություն

1. Արեւելյան գործընկերության նպատակն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ Եվրոպական Միության եւ շահագրգիռ գործընկեր երկրների միջեւ խթանելու քաղաքական ասոցացումը եւ խորացնելու տնտեսական ինտեգրումը` ըմբռնելով ապրանքների եւ ծառայությունների ընդլայնված առեւտրի տնտեսական օգուտները, ավելացող ներդրումային հոսքերի ներուժը եւ ԵՄ ներքին շուկային աստիճանական տնտեսական ինտեգրման կարեւորությունը: Արեւելյան գործընկերությունը ձգտելու է ավելի մեծ աջակցություն ցուցաբերել գործընկեր երկրներում իրականացվող քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարեփոխումներին` դյուրացնելով  Եվրոպական Միության հետ համապարփակ մոտարկումը` աստիճանաբար տանելով դեպի ԵՄ ներքին շուկային ինտեգրմանը եւ այդպիսով` ԵՄ ու գործընկեր երկրների միջեւ տնտեսական գոտու ստեղծմանը:

2. ԵՄ կանոնակարգերին եւ ընթացակարգերին աստիճանական մոտարկումը գործընկեր երկրներից պահանջում է բարդ եւ լայնածավալ բարեփոխումների նկատմամբ բարձր աստիճանի հանձնառություն` ամրապնդված ուժեղ ինստիտուցիոնալ կարողություններով: Այն կառաջացնի ԵՄ կողմից կայուն հանձնառության եւ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտություն` օգնելու արմատական բարեփոխումների իրականացման գործընթացում ներգրավված գործընկեր երկրներին` փոխադարձ հաշվետվության եւ տարբերակվածության սկզբունքներին համապատասխան:

3. Ասոցացման համաձայնագրերը` համապարփակ բարեփոխումների օրակարգով, եւ, համապատասխան դեպքերում` խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտիները, որպես համաձայնագրի անբաժան մաս, հանդիսանում են Արեւելյան գործընկերության շրջանակներում հարաբերությունների հիմնաքարերը: Արդյունավետ բանակցություններ են իրականացվել Ուկրաինայի հետ: Այս համատեքստում Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ակնկալում են, որ բանակցությունները հնարավոր կլինի ավարտել մինչեւ 2011թ. ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովը: Լավ առաջընթաց է գրանցվել Ասոցացման համաձայնագրի շուրջ Մոլդովայի Հանրապետության, եւ նշանակալի առաջընթաց է տեղ գտել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Վրաստանի հետ բանակցություներում: Ինչ վերաբերում է Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետության հետ Ասոցացման Համաձայնագրերի մաս կազմող Խորը եւ համապարփակ Ազատ Առեւտրի գոտիներին, ապա  նախատեսվում է, որ նման բանակցությունները  կարող են մեկնարկել մինչեւ  այս տարվա վերջը,  պայմանով, որ բավարար առաջընթաց գրանցվի մնացյալ հիմնական առաջարկությունների իրականացման գործընթացում: Հիմնվելով կատարված զգալի աշխատանքի վրա` Հայաստանը շարունակում է իր ջանքերը հնարավորինս վաղ պատրաստ լինելու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (DCFTA) շուրջ բանակցություններին:

4. Ասոցացման համաձայնագրերի իրականացումը խթանելու նպատակով աստիճանաբար կմշակվեն Արեւելյան գործընկերության “Ասոցացման օրակարգեր”: Համատեղ կսահմանվեն համագործակցության սահմանափակ թվով առաջնահերթություններ, որոնք կզուգորդվեն որոշակի չափորոշիչներով: Առաջընթացի դիտարկումը եւ գործընկեր երկրներին տրվող աջակցությունը ավելի կենտրոնացած կլինի մասնավորապես այս չափորոշիչների եւ առաջնահերթությունների վրա:

5. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են սեպտեմբերի 30-ին Սոպոտում Արեւելյան գործընկերության գործարար ֆորումի մեկնարկը եւ հնարավոր աջակցությունը, որ այն կարող է տրամդրել մասնավորապես Ասոցացման համաձայնագրերի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտիների բանակցությունների ընթացքում, ինչպես նաեւ մրցակցային եւ համընդգրկուն շուկայական տնտեսություն հիմնելու գործընթացում: Այս առումով մեծ կարեւորություն է ստանում կենսունակ եւ նորարարական ՓՄՁ (փոքր եւ միջին ձեռնարակություններ) սեկտորի խրախուսումը:

6. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են վերջերս տեղ գտած տնտեսական ճգնաժամի ընթացքում ԵՄ կողմից որոշ գործընկեր երկրներին մակրոֆինանսական աջակցության տրամադրումը: ԵՄ մակրոտնտեսական աջակցության գործիքը կարող է նաեւ հետագայում կիրառվել աջակցելու համար գործընկեր երկրներին վճարումների հաշվեկշռի հետ կապված կարճաժամկետ դժվարությունները հաղթահարելու համար, երբ նախապայմանները կկատարվեն եւ ծրագրերը կապված կլինեն նպատակային բարեփոխումների օրակարգի հետ:

7. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնեցին ուժեղացնել համագործակցությունը ազատության, անվտանգության եւ արդարադատության ոլորտներում, ինչպես նաեւ` համակարգումը համապատասխան շրջանակների միջեւ, ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներով: Հետագա համագործակցությունը եւ համակարգումը, մասնավորապես, ընդգրկելու է անօրինական միգրացիայի կանխարգելումը եւ պայքարը  դրա դեմ, անվտանգ եւ լավ կառավարվող միգրացիայի եւ շարժունակության խթանումը, սահմանների համալիր  կառավարումը, պայքարը թմրամիջոցների, կազմակերպված հանցավորության, մարդկանց թրաֆիկինգի եւ փողերի լվացման դեմ, պայքարը ահաբեկչության դեմ, ինպես նաեւ պայքարը կոռուպցիայի դեմ եւ հավելյալ աշխատանք լիովին անկախ դատական համակարգի հաստատման համար: Նախարարական մակարդակով հանդիպումների անցկացումը կնպաստի պատշաճ քաղաքական ուղղորդման եւ համակարգման ապահովմանը: Ավելին, Սոդերկոպինգի գործընթացը Արեւելյան գործընկերության բազմակողմ համագործակցության շրջանակերում ներառելը հնարավորություն կտա ընդլայնել երկխոսությունը եւ համագործակցությունը միգրացիոն հարցերի լայն օրակարգի շուրջ: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները խրախուսում են ազատության, անվտանգության եւ արդարադատության ոլորտում մասնագիտացված ԵՄ գործակալությունների համագործակցությունը շահագրգիռ գործընկեր երկրների հետ:

8. Արեւելյան գործընկերության առանցքային նպատակներից է մնում քաղաքացիների շարժունակության ընդլայնումը` անվտանգ եւ լավ կառավարվող միջավայրում: Այս նպատակը որպես առաջին քայլ ենթադրում է մուտքի վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի (հետընդունման) համաձայնագրերի կնքում: Երբ նշված համաձայնագրերը կնքվեն եւ արդյունավետ իրականացվեն, ԵՄ եւ գործընկեր երկրները քայլեր կձեռնարկեն պատշաճ ժամանակին մուտքի վիզաների ազատականացված ռեժիմներ հաստատելու ուղղությամբ` տարբերակված մոտեցման հիմքով, այն պայմանով, որ երկփուլանի գործողությունների ծրագրով նախատեսված` լավ կառավարվող եւ անվտանգ շարժունակության համար պայմանները բավարարված կլինեն: Այս համատեքստում Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցներն ի գիտություն են ընդունում վիզաների ազատականացման իրենց համապատասխան գործողությունների ծրագրերի իրականցման գործում Մոլդովայի Հանրապետության եւ Ուկրաինայի գրանցած առաջընթացը: Այս ծրագրերը կարող են օրինակ ծառայել այլ գործընկեր երկրների համար` հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունները եւ առաջընթացը:

9. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Վրաստանի հետ վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի արդյունավետ իրականացումը: Նրանք ակնկալում են նման համաձայնագրերի շուրջ բանակցություններ սկսել Բելառուսի Հանրապետության հետ` ի շահ ընդհանուր ազգաբնակչության, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության հետ: Նրանք ընդգծում են bona fide (բարեխիղճ) ճանապարհորդներին, մասնավորապես` ուսանողներին, հետազոտողներին եւ գործարարներին, վիզաներ տրամադրելու գործընթացը բարելավելու համար ԵՄ Մուտքի վիզաների օրենսդրության ընձեռած հնարավորությունները: Նրանք ողջունում են միգրացիայի նկատմամբ գլոբալ մոտեցման շրջանակներում Մոլդովայի Հանրապետության եւ Վրաստանի հետ “Շարժունակության շուրջ գործընկերության” հաստատումը, ինչպես նաեւ այս առումով Հայաստանի Հանրապետության գրանցած լավ առաջընթացը, եւ ակնկալում են նմանատիպ շրջանակներ հիմնել այլ գործընկեր երկրների հետ:

10. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Պետական կառավարման մարմինների համապարփակ զարգացման ծրագրերի մեկնարկը, որոնք աջակցելու են ապագա Ասոցացման համաձայնագրերի, ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտիների, ինչպես նաեւ վիզաների ազատականացմանն ուղղված գործությունների ծրագրերի իրականացմանը: Նրանք նաեւ ողջունում են Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրերը, որոնք գործընկերներին օգնելու են հարթել տնտեսական, սոցիալական եւ տարածաշրջանային անհամաչափությունները:

Մասնակցությունը ԵՄ ծրագրերին եւ գործակալություններին, ընդլայնված ոլորտային համագործակցություն

 

11. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնվում են դյուրացնել գործընկեր երկրների մասնակցությունը ԵՄ ծրագրերում եւ գործակալություններում` ներառյալ շարունակական համաֆինանասվորման միջոցով: Նրանք ակնկալում են Հետազոտությունների եւ տեխնոլոգիական զարգացման 7-րդ շրջանակային ծրագրին Մոլդովայի Հանրապետության միանալու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ ծրագրերին Մոլդովայի Հանրապետության մասնակցության հնարավորություն ընձեռող արձանագրության ուժի մեջ մտնելը եւ վերջերս Ուկրաինայի կողմից նմանատիպ արձանագրության ստորագրումը, եւ ակնկալում են, որ մնացյալ գործընկեր երկրները եւս կկնքեն այդպիսի արձանագրություններ: Նրանք ողջունում են նաեւ տարբեր ոլորտներում գործընկեր երկրների աճող գործակցությունը ԵՄ գործակալությունների հետ` ներառյալ ավիացիոն անվտանգության, սննդի անվտանգության եւ թմրադեղերի դեմ պայքարի ոլորտներում: Նրանք համաձայնում են կազմել առաջնահերթությունների ցանկ` դյուրացնելու համար գործընկեր երկրների մասնակցությունը ծրագրերին եւ գործակալություններին:

12. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են այն փաստը, որ Արեւելյան գործընկերության մեկնարկից ի վեր ոլորտային համագործակցությունը աճել է մի շարք ոլորտներում: Նրանք կոչ են անում ընդլայնել ոլորտային համագործակցությունը եւ երկխոսությունը, ներառյալ, ըստ անհրաժեշտության, նախարարական եւ ավագ պաշտոնյաների հանդիպումների գումարման միջոցով:

13. Վկայակոչելով իրենց էներգետիկ փոխկախվածությունը` Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են ամրապնդել իրենց էներգետիկ գործընկերությունը: Նրանք ողջունում են էներգետիկայի ոլորտում գոյություն ունեցող երկկողմ եւ բազմակողմ համագործակցությունը: Նրանք կխթանեն համընդգրկուն եւ բաց քաղաքականությունն էներգետիկ անվտանգության, փոխադրման եւ մատկարարման ոլորտում: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են շարունակել աշխատանքներն իրենց էներգետիկ շուկաների ինտեգրման ուղղությամբ, ներառյալ “Էներգետիկ համայնքի պայմանագրին” Արեւելյան գործընկերության շահագրգիռ երկրների սերտ ներգրավման միջոցով: Նրանք ողջունում են “Էներգետիկ համայնքի պայմանագրին” վերջերս Մոլդովայի Հանրապետության եւ Ուկրաինայի անդամակցությունը, եւ քաջալերում են այլ գործընկեր երկրներին միանալ դրան: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են շարունակել ամրապնդել երկարաժամկետ էներգետիկ անվտանգությունը, ներառյալ էներգակիրների կայուն եւ անվտանգ մատակարարման եւ տարանցման, միջուկային անվտանգության, մրցակցային էներգետիկ շուկաներին առնչվող հարցերի շուրջ համագործակցության եւ շուկայական սկզբունքներին համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածքների ընդլայնման միջոցով, ընդլայնել էներգախնայողությունը եւ վերականագնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը, ինչպես նաեւ ողջունում են Ուկրաինայի հետ “Արեւելաեվրոպական էներգախնայողության եւ բնապահապանության գործընկերության” մեկնարկը եւ համաձայնում են աշխատանքներ տանել դրա անդամակցությունը տարածելու նաեւ այլ գործընկերների վրա: Ռազմավարական կարեւորության ենթակառուցվածքների զարգացման առումով, Կասպից ծովի տարածաշրջանից եվրոպական շուկա մատակարարվող էներագակիրների ուղիների դիվերսիֆիկացիան ապահովելու համար` Եվրոպական միությունը եւ առնչվող գործընկերները ի գիտություն են ընդունում Հարավային միջանցքի իրականացմանն ուղղված նշանակալի եւ կոնկրետ քայլերը: Ընդգծելով միջուկային անվտանգության կարեւորությունը, այդ թվում նոր ատոմակայանների հնարավոր կառուցման առնչությամբ` նրանք ողջունում են այս ոլորտում ընդլայնված համագործակցությունը եւ խրախուսում թափանցիկությունը, տեղեկատվության հասանելիությունը եւ միջուկային անվտանգության ու բնապահպանական միջազգային համաձայնագրերի  ամբողջական իրականացումը, եւ ի գիտություն են ընդունում “ստրես-տեստերի” վերաբերյալ վերջերս կնքած հռչակագիրը:

14. Տրանսպորտային ոլորտում ԵՄ եւ գործընկեր երկրների ենթակառուցվածքային ցանցերը պետք է ավելի ամուր փոխկապակցվեն միմյանց` մարդկանց եւ ապրանքների փոխանակումները դյուրացնելու նպատակով: Սրան կարելի է հասնել շուկաների սերտ ինտեգրման եւ կատարելագործված ենթակառուցվածքային կապերի միջոցով: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են ընդլայնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում, մասնավորապես` Արեւելյան գործընկերության բազմակողմ ձեւաչափի շրջանակներում:

Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ի գիտություն են ընդունում ընդլայնված Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտու զարգացման ուղղությամբ գրանցված լավ առաջընթացը: Նրանք ողջունում են ԵՄ եւ Վրաստանի միջեւ կնքված Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը, եւ Մոլդովայի Հանրապետության հետ վերջերս մեկնարկած բանակցությունները, եւ ակնկալում են ավարտին հասցնել բանակցությունները Ուկրաինայի հետ: Նրանք քաջալերում են այլ շահագրգիռ գործընկերներին բանակցել նման համաձայնագրեր:

15. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ճանաչում են, որ առաջընթացը դեպի “Կանաչ տնտեսություն”, ինչը բնապահպանական տեսակետից կայուն է եւ ենթադրում է ռեսուրսների ու էներգիայի արդյունավետ օգտագործում, հանդիսանում է ընդհանուր առանցքային նպատակ: Նրանք հանձնառու են կատարելու միջազգային բնապահպանական իրավունքի չափանիշները: Նրանք համաձայնում են ձեռնարկել հրատապ գործողություններ դիմակայելու կլիմայի փոփոխությանը եւ պայքարելու բնապահապանական քայքայման դեմ, ներառյալ` թունաքիմիկատների եւ այլ վտանգավոր նյութերի հետեւանքով առաջացած դեպքերում: Նրանք համաձայնում են նաեւ խրախուսել կլիմայի փոփոխության շուրջ երկխոսությունը եւ կատարել լավագույն փորձի փոխանակում, ինչը կնպաստի կլիմայի վերաբերյալ միջազգային համաձայնագրերի իրականացմանը եւ հնարավորություն կընձեռի գործընկեր երկրներին ակտիվորեն օգտվել արագ մեկնարկող եւ երկարաժամկետ աջակցությունից` կլիմայի ոլորտում իրենց քաղաքականության նպատակներին հասնելու համար: Նրանք ողջունում են “Ընդհանուր բնապահպանական տեղեկատվական համակարգի” ընթացիկ զարգացումը:

16. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են զարգացնել համագործակցությունը գյուղատնտեսության եւ գյուղական վայրերի զարգացման ոլորտներում` ներառյալ Գյուղատնտեսության եւ գյուղական վայրերի զարգացման համար Եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում: Նրանք ողջունում են գյուղատնտեսական ապրանքների եւ սննդամթերքի աշխարհագրական ցուցիչների պաշտպանության մասին համաձայնագրի կնքումը Վրաստանի հետ: Նրանք ակնկալում են նմանատիպ համաձայնագրի ստորագրում Մոլդովայի Հանրապետության հետ եւ քաջալերում են մյուս գործընկերներին կնքել այդպիսի համաձայնագրեր:

17. Հասարակությունների ժողովրդավարացման գործում տեղեկատվության եւ հաղորդակցության տեխնոլոգիաների աճող դերակատարման լույսի ներքո` Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են ընդլայնել էլեկտրոնային հաղորդակցության միջոցների ազատականացումը եւ ողջունում են “Արեւելյան գործընկերության էլեկտրոնային կարգավորողների ցանցի” ուղղությամբ կատարվող աշխատանքները:

18. Արեւելյան գործընկերության ներքո կրթության, հետազոտության, երիտասարդության եւ մշակույթի ոլորտներում համագործակցությունը եւ երկխոսությունը պետք է ավելի ընդլայնվի, ներառյալ Արեւելյան գործընկերության Երիտասարդական ծրագրի մեկնարկի, Արեւելյան գործընկերության Մշակութային ծրագրի շարունակության եւ համապատասխան ծրագրերում մասնակցության ընդլայնման, այդ թվում` “Շարունակական կրթություն”, “Մշակույթ” եւ “Երիտասարդությունը գործողության մեջ” ծրագրերին հաջորդող ծրագրերի միջոցով: Քաղաքականությունն ավելի ազդեցիկ ու տեսանելի դարձնելու նպատակով կհիմնվի  “Գիտելիքի եւ նորարարության ընդհանուր տարածք”, որը շաղկապված կլինի “Քաղաքային խելամիտ աճին” եւ ԵՄ նորարարական օրակարգին:

Բազմակողմ համագործակցության ամրապնդում

 

19. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Արեւելյան գործընկերության բազմակողմ ձեւաչափում գրանցված առաջընթացը: Բազմակողմ պլատֆորմերը շարունակելու են օժանդակել գործընկեր երկրներին առաջ տանելու օրենսդրական եւ կարգավորիչ դաշտի մոտարկումը ԵՄ օրենսդրության հետ` հնարավորություն ընձեռելով փորձի եւ լավագույն պրակտիկայի փոխանակման համար: Պլատֆորմերի եւ փորձագիտական խմբերի աշխատանքային ծրագրերը կվերանայվեն` գործընկեր երկրների կարիքների արձագանքման հարցում ճկունության հնարավորություն ստեղծելու նպատակով, հաշվի առնելով համագործակցության նոր ոլորտները: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են կենտրոնանալ Արեւելյան գործընկերության հինգ առաջնային նախաձեռնությունների սահուն իրականացման վրա, որոնք աջակցում են ԵՄ եւ գործընկեր երկրների միջեւ համագործակցության կոնկրետ նախագծերին: Նրանք ողջունում եւ ակնակալում են փոխլրացնող ու զորակցող ազգային ծրագրեր, ինչպիսին է Արեւելյան գործընկերության էստոնական կենտրոնը, որը կենտրոնացված է վարչական կարողությունների ամրապնդման վրա, ինչպես նաեւ Վարշավայի Հանրային կառավարման Արեւելյան գործընկերության ակադեմիան:

20. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցներն գիտակցում են բազմակողմ համագործացության կարեւորությունը, որն ընդլայնվում է Արեւելյան գործընկերության միջոցով, եւ շեշտում են տարածաշրջանում տարբեր նախաձեռնությունների եւ ցանցերի միջեւ ներդաշնակություն ապահովելու կարեւորությունը: Նրանք հիշատակում են, որ Արեւելյան գործընկերությունը կարող է օգտակար լինել հենց գործընկեր երկրների միջեւ սերտ կապեր զարգացնելու համար:

21. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են “Եվրոնեստ” խորհրդարանական վեհաժողովի հիմնումը, որը կարեւոր դերակատարություն է ունենալու Արեւելյան գործընկերության նպատակների իրականացման առաջընթացին աջակցելու հարցում: Նրանք ողջունում են Տարածաշրջանների կոմիտեի հովանու ներքո կայացած Արեւելյան գործընկերության Տեղական եւ տարածքային իշխանությունների տարեկան համաժողովի մեկնարկը: Նրանք կոչ են անում Տարածաշրջանների կոմիտեին աշխատանքներ տանել արեւելյան գործընկեր երկրների տեղական եւ տարածքային իշխանությունների հետ համագործակցության մշտական ինստիտուցիոնալ շրջանակ հաստատելու համար:

22. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ընդգծում են քաղաքացիական հասարակության կարեւոր դերը Արեւելյան գործընկերության նպատակներին հասնելու գործում: Նրանք հանձնառություն են վերցնում ամբողջապես սատարել քաղաքացիական հասարակության աշխատանքներին եւ խրախուսել ժողովրդավարությանը, կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը, արդյունավետ կառավարմանը եւ օրենքի գերակայությանն աջակցելու գործում քաղաքացիական հասարակության դերի զարգացումը: Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը եւ դրա Ազգային պլատֆորմները էական նշանակություն ունեն ժողովրդավարական արժեքների տարածման գործում, որոնց վրա հիմնված է Արեւելյան գործընկերությունը: Ֆորումի ներգրավվածությունը Արեւելյան գործընկերության իրականացման մեջ պետք է ուժեղացվի, ներառյալ ամրապնդված կարողությունների եւ Արեւելյան գործընկերության բազմակողմ ձեւաչափում ընդլայնված մասնակցության միջոցով: Գործընկեր երկրների քաղաքացիական հասարակություններին տրվել եւ ինտեսիվ կերպով շարունակվելու է տրվել նպատակաուղղված աջակցություն` գոյություն ունեցող գործիքների եւ կառույցների շրջանակներում, եւ հնարավոր է նաեւ “Քաղաքացիական հասարակության ձեռնարկի” եւ “Ժողովրդավարության համար հիմնադրամի” ստեղծման միջոցով:

23. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ֆինանսական ներդրումները Արեւելյան գործընկերությանը, ներառյալ ԵՆԲ “Արեւելյան գործընկերության հիմնադրամի” միջոցով: Նրանք ողջունում են նաեւ Արեւելյան գործընկերության “Փոքր եւ միջին ձեռնարկությունների ձեռնարկի” հիմնումը, որն աջակցելու է ՓՄՁ սեկտորի զարգացմանը, եւ Հարեւանության ներդրումային հիմնադրամի միջոցով կատարված ներդրումները, որոնք ուղղված են, Եվրոպական ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ, ԵՄ-ը Արեւելյան գործընկերների հետ կապող  ենթակառուցվածքային նախագծերին օժանդակելուն:

Եվրոպական Միությունը 2010-13թթ. համար հատկացրել է զգալի ֆինանսական միջոցներ` մինչեւ 1.9 միլլիարդ եվրո, որպեսզի առաջ մղի Արեւելյան գործընկերության իրականացումը` երկկողմ եւ տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում: Ռիսկային կապիտալը եւ երաշախավորման սխեմաները կարեւոր ֆինանսական գործիքներ են տնտեսական զարգացումը խրախուսելու` մասնավորապես ՓՄՁ-երին աջակցելու համար, որոնք հանդիսանում են աշխատատեղերի ստեղծման եւ նորարարության հիմնական խթանները: Հենվելով Միջերկրածովյան տարարածաշրջանում եւ Արեւելյան գործընկեր երկրներում նախկին հաջողված փորձի վրա, Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները շեշտում են Արեւելյան հարեւանությունում ռիսկային կապիտալի հետ կապված գործողություններին հետագայում աջակցելու հնարավոր տարբերակներ ուսումնասիրելու անհրաժեշտությունը:

Ինչպես սահմանվում է ԵՄ Արտաքին գործերի խորհրդի 2011թ. հունիսի 20-ի եզրակացություններում, ԵՄ կողմից հավելյալ ռեսուրսների հատկացումը որոշվելու է 2012-13թթ. ժամանակաշրջանի համար` աջակցելու Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման իրականացմանը, եւ այս շրջանակում հետամուտ լինելով նաեւ Վարշավայի գագաթնաժողովի արդյունքներին` ի շահ բարեփոխումներին հանձնառու գործընկեր երկրների: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Եվրոպական հանձաժողովի առաջարկը հաջորդ բազմամյա ֆինանսական շրջանակում հիմնել նոր Եվրոպական հարեւանության գործիք, որը, ի թիվս այլոց, կարտացոլի Եվրոպական հարեւանության քաղաքականության հավակնությունների նոր մակարդակը:

24. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ի գիտություն են ընդունում ոչ ֆորմալ “Տեղեկատվության եւ համակարգման խմբի” հիմնումը, որը ներառում է միջազգային ֆինանսական կառույցներ եւ երրորդ երկրներ, որոնք շահագրգռված են դոնորային աջակցության համակարգմամբ եւ ընդհանրապես Արեւելյան գործընկերության զարգացմամբ:

25. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են զարգացնել քաղաքական համագործակցությունը եւ երկխոսությունը ԵՄ եւ գործընկեր երկրների միջեւ, ներառյալ կառավարման բարեփոխումների, տարածաշրջանային անվտանգության ամրապնդման եւ հակամարտությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերի, ինչպես նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող համապատասխան գլոբալ եւ տարածաշրջանային արտաքին եւ անվտանգության խնդիրների շուրջ:

26. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են որ, Արեւելյան գործընկերությունը պետք է շարունակի նպաստել կայունությանը եւ բազկամողմ վստահության ամրապնդմանը, եւ որ հակամարտությունները խոչընդոտում են համագործակցային ջանքերը: Ուստի, ընդգծում են հակամարտությունների հնարավորինս սեղմ ժամկետներում խաղաղ կարգավորման անրաժեշտությունը` միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի եւ դրանց շրջանակում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա: Նրանք ողջունում են հակամարտությունների լուծման եւ վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերում գոյություն ունեցող համաձայնեցված ձեւաչափերի եւ գործընթացների շրջանակներում, կամ դրանց աջակցելու գործում, ԵՄ դերակատարման բարձրացումը, այդ թվում, ըստ անհրաժեշտության, տեղում ներկայացվածության միջոցով, եւ ողջունում են Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նոր հատուկ ներկայացուցչի նշանակումը: Նրանք ընդգծում են Վրաստանում ԵՄ դիտարկման առաքելության տեղում ներկայացված լինելու կարեւորությունը: Նրանք նաեւ ողջունում են վերջերս ընդունված որոշումը` վերսկսելու պաշտոնական բանակցությունները “5+2” ձեւաչափով, որի նպատակն է Մերձնդնեստրյան հակամարտության կենսունակ եւ համապարփակ քաղաքական կարգավորումը:

27. Միջազգային անվտանգության հարցերի շուրջ կողմերը կձգտեն ավելի ակտիվ երկխոսության եւ համագործակցության, նկատի ունենալով նաեւ ԵՄ կողմից ղեկավարվող քաղաքացիական եւ ռազմական գործողություններին գործընկեր երկրների հնարավոր մասնակցության հեռանկարը: ԵՄ եւ գործընկեր երկրների միջեւ համագործակցության շրջանակներում, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության նախագծերում եւ ԵՄ աջակցության ծրագրերում մեծ շեշտադրում է արվելու հակամարտությունների խաղաղ կարգավորման ու վստահության ամրապնդման միջոցների վրա:

28. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները շեշտում են Արեւելյան գործընկերության հիմնական սկզբունքները եւ գործունեությունը հանրության շրջանակներում խրախուսելու ու տարածելու անհրաժեշտությունը, եւ համաձայնում են ձեռնարկել հավելյալ գործողություններ դրա տեսանելիությունը բարձրացնելու նպատակով, ներառյալ, ԵՄ եւ գործընկեր երկրների միջեւ հարաբերությունները եւ գործունեությունը բնորոշելու նպատակով Արեւելյան գործընկերության տարբերանշանը լայնորեն կիրառելու միջոցով:

29. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Բարձր ներկայացուցչի եւ Եվրոպական հանձնաժողովի մտադրությունը, գործընկերների հետ խորհրդակցությամբ, միչեւ այս տարվա վերջը ներկայացնելու ճանապարհային քարտեզ, որում կներառվեն նպատակներ, գործիքներ ու գործողություններ, եւ որը կուղղորդի ու կդիտարկի դրանց իրականացումը մինչեւ 2013 թվականի երկրորդ կեսին կայանալիք հաջորդ գագաթաժողովը:

 

Ավելացնել մեկնաբանություններ

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն ադմինիստրատորի կողմից: ԽՆդրում ենք հայերեն լեզվով մեկնաբանությունները գրել հայատառ:


Անվտանգության կոդ
Թարմացնել

Գլխավոր Քաղաքական «Արեւելյան գործընկերության» Վարշավայի գագաթաժողովում ընդունված համատեղ հռչակագրի ամբողջական տեքստը
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: