Վերջին հայ սամուրայը
Չորեքշաբթի, 24 Հուլիս 2013 13:24
smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon

1920 թվականի հոկտեմբերի 30-ն հայկական բանակի ստորաբաժանումները առանց դիմադրության թուրքերին հանձնեցին Կարսը: Ամբողջ զորախումբը՝ ռազմաճակատի հրամանատարությունը ներառյալ, անձնատուր եղավ թշնամուն: Բացառությամբ… 

(Գնդապետ Հովհաննես Մազմանյանի ծննդյան 120-ամյակին)

Աշնանը հայրս միշտ հիվանդանում էր: Կենսաբանական յուրահատուկ մի օրացույցով՝ միշտ նոյեմբերի առաջին կեսին: Եւ, այդ օրերին, որպես կանոն՝ միշտ ցեխ, անձրեւ, թաց ձյուն, խոնավ, տխուր ու ճնշող մի եղանակ: Ու այդ ամենի հետ  էլ՝  տանը հիվանդ հայրդ: Մայրս ասում էր, որ ընդհանուր առմամբ, նա պատերազմից   շատ հյուծված ու վատառողջ էր վերադարձել: Մի քանի անգամ վիրավորվել էր:

Վերքերն այնպիսին են եղել, որ երկու անգամ հորս տեղափոխել են թիկունք՝ հոսպիտալում բուժվելու համար: Հիվանդացել է տիֆով, թոքաբորբ է տարել: Առհասարակ հաճախակի էր հիվանդանում: Բայց աշնանային՝ նոյեմբերյան այդ հինգ-յոթ օրվա տենդը հիվանդանալու մյուս դեպքերի հետ ասես կապ չուներ: Դա յուրատեսակ պարտադիր-պլանային բնույթ էր կրում, իսկ բժշկական որեւիցե միջամտությունն էլ անօգուտ էր եւ անիմաստ: Տենդը ոնց որ «իրեն-իրեն» սկսվում էր, այնպես էլ «իրեն-իրեն» աստճանաբար անցնում էր:Արդեն հոկտեմբերի վերջերից սկսած  մայրս իրար էր խառնվում՝  «էս է, ուր որ է, էլի շռչելու է»: Մեզ՝ երեխեքիս, մայրս բացատրել էր, որ հորս այդ «նոյեմբերյան» տենդը գալիս է նրա մանկական տարիներից: Իսկ ավելի ստույգ՝ 1920 թվականից: Այդ թվականի աշնան վերջին ամսվա ցեխոտ, անձրեւա-ձնախառը խոնավ մի առավոտ հորս գյուղի «ժամի հայաթը» թուրքերը բերել-հավաքել էին Թուրքիա գերության քշվող, Շիրակի գավառից գերեւարված հայ տղամարդկանց հերթական խմբաքանակը: Սպանդի քշելուց առաջ երեկվա զինվորներին, մաճկալներին ու արհեստավորներին հնարավորություն էր տրվել վերջին հրաժեշտը տալ իրենց ընտանիքներին ու հարազատներին: Գերի հայ տղամարդիկ բոլորը ծնկաչոք են եղել, ձեռքերը  մեջքների հետեւը, գլուխները կախ, հայացքները գետնին: Առանց գլուխը  բարձրացնելու, կողքերը նայելու իրավունքի: Այդ գլուխը կախ չոքած հայ տղամարդկանցից մեկը եղել է իմ հորական պապը՝ հորս հայրը: Սեփական Աստծո Տան դիմաց, նոյեմբերյան ցրտին միայն ներքնազգեստով ու բոբիկ, ցեխի մեջ  չոքած, նսեմացված ու տրորված, ոչնչացման ենթակա,  ու նման գալիքի հետ համակերպված ու պատրաստ միանգամայն առողջ տղամարդկանց այդ խմբի մեջ, որոնց կախած գլխներին տեղում էր աշնան թաց ձյունն ու անձրեւը, հայրս ճանաչում  է իր հորը:

Ու ձայն է տալիս: Ճչում է, գոռում: Պապս չոքած տեղում ցնցվում է, բայց ձեռքերը մեջքի հետեւից չի շարժում, գլուխը վեր չի բարձրացնում, որեւիցե ձայն չի հանում: Հայրս հիվանդանում է, մի շաբաթ-տաս օր ընկնում է տենդի մեջ: Ու դրանից հետո ամեն աշնան այդ օրերին նա հիվանդանում էր...... Հորս պատմածներից, իրենց համագյուղացի տարիքով մարդկանց զրույցներից պարզվում էր, որ Հովհաննես պապս իր կազմվածքով եղել է երկու մետրանոց, անհավանական ֆիզիկական ուժի տեր մի տղամարդ: Նրան հարգել են, իսկ առաջին հերթին՝ նրանից վախեցել են: Եղել է «Նիկոլայի սալդատ», զորակոչվել է առաջին աշխարհամարտի առաջին իսկ օրերից: Հայրս պատմում էր, որ երբ 1918-ի  գարնանը՝ «թուրքի առաջին գալուց առաջ», հայրը տուն է եկել, նրա կրծքին խաչի տեսքով երկու հատ մեդալ է տեսել: Թե ի՞նչ մեդալ էին դրանք՝ չգիտեր: Բայց հաստատ գիտեր, որ հայրը կռվել էր հենց Կովկասյան ռազմաճակատում եւ մասնակիցն էր եղել Սարիղամիշի տակի ձմեռային հայտնի այն կռիվներին, որոնցում ջախջախվել էր Էնվերի զորախումբը: Հետո... Հետո, մեկ՝ տուն ու ընտանիք,  մեկ՝ հայկական բանակ, մեկ՝ վար ու ցանք, մեկ՝ կռիվ, մեկ՝ նահանջ, հետո՝ փախուստ, եւ ի վերջո՝ կիսամերկ ու ծնկաչոք, անգամ կենդանական մակարդակով ընդվզմանն անընդունակ վիճակում  հայտնված աշնանային այն «շլոփա-չալփաշունքի» մեջ, հայացքը գետնին հառած: Հետո, ըստ թուրքի գերությունից մի քանի հրաշքով փախած-փրկվածների պատմածների՝ տաժանակիր աշխատանք Կողբի հանքերում, անմարդկային պայմաններ, ընդամենը մի քանի շաբաթ անց՝ հիվանդություն ու մահ:Ընդհանուր առմամբ, չափազանց տխուր, ողբերգական մարդկային մի պատմություն: Հայերի պարագայում՝ բավական «սովորական» մի պատմություն: Թե փոքր տարիքիս, թե հետո, այդ ամբողջ պատմության մեջ ամենից շատ խիղճս տալիս էր հորս: Իրավաբանական լեզվով ասած, նրան ես ընդունում ու ընկալում էի ոչ թե որպես «տուժողի իրավահաջորդ», այլ հենց որպես «տուժող կողմ»: Կողմ, որը տուժող է թե թշնամու, ագրեսորի գործողություններից, թե թշնամուն դիմադրություն չցուցաբերած եւ անձնատուր եղած հսկայակազմ իր հոր կողմից: Եւ հարցն այն չէ, որ երկրորդ աշխարհամարտի հետպատերազմյան խորհրդային սերնդի մոտ զինվորի մասին պատկերացումները ձեւավորված էին խորհրդային агитпроп-ի չափանիշներին համապատասխան: Ոչ: Թե այն տարիներին, թե այսօր, հնարավոր չէ ընդունել մի միտք, համակերպվել նրա հետ, որ միանգամայն առողջ, այն էլ ֆիզիկապես հզոր 30-35 տարեկան տղամարդն այն աստիճան կամազրկվի, որ հայտնվի վերը նկարագրված վիճակում: Իսկ չէ որ իրականում խոսքը հազարավոր, տասնյակ հազարավոր «չոքածների», գրեթե ամբողջ բանակի ու բնակչության մասին է:Այդ ողբերգական, ընդ որում՝ նախ իրենց անասելի ամոթով ու խայտառակությամբ ողբերգական այդ օրերից անցել է արդեն գրեթե մեկ դար, բայց հայությունն այդպես էլ չի ստանում եւ չի էլ տալիս պատասխան, թե «ինչու այդպես եղավ»: Մեղադրում են թուրքերին: Բայց քո վրա հարձակված ագրեսորին, թշնամուդ մեղադրելս ո՞րն է: Թշնամին հենց թշնամի էլ կա: Մեղադրում են Ռուսաստանին: Ինչի՞ համար: Որ իր շահե՞րն է այստեղ առաջ տարել հայության հաշվին: Իսկ այդ ո՞ր ազգը, ո՞ր պետությունը  նման հնարավորությունից կհրաժարվեր: Կամ հենց այսօր էլի նույնը չէ՞: Իսկ մե՞նք: Զինապարտի տարիքն այդպես էլ չանցած մեր պապե՞րը, նրանց հրամանատար սպաներն ու գեներալնե՞րը, երկրի քաղաքական ղեկավարությու՞նը, եւ, վերջապես, ժողովուրդ կոչվածը:

Վերջերս Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած ընդդիմության առաջնորդ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ վրացիները շատ յուրահատուկ ազգ են. նրանք չեն կարող ապրել իրենց Հայրենիքից դուրս: Ի տարբերություն հրեաների եւ հայերի, որոնք հաջողակ են ամենուր: Հրեաների մասով ասելիք, բնականաբար, չունեմ, բայց հայերի մասով ինքնին գալիս է բնական մի հավելում-շարունակություն. «բացի սեփական Հայրենիքից»: Այսօր, համենայնդեպս, դա տեսնում ենք սեփական աչքով: Տեսնում ու համոզվում ենք, թե ինչպիսի ճշգրտությամբ ու արդյունավետությամբ են արդիականացվել ու կիրարկվում դարերի խորքից եկած մեր ազգային «ավանդույթներն ու իմաստությունները». «Որտեղ հաց՝ էնտեղ կաց», «Խելոքը հաց է փնտրում, հիմարը՝ Հայրենիք», «Շահիդ համար՝ մորդ սիրողին էլ քեռի ասա»...Դատարկվել է արդեն Հայաստանի կեսը: Նորանկախ, ինքն իրեն պաշտպանելու հսկայական խնդիրների առաջ կանգնած Հայաստանի կեսը: Եւ եթե մեր «դասական» Սփյուռքի գոյությունը մենք բացատրում ենք որպես արևմտահայության հանդեպ Թուրքիայի կողմից իրագործած ցեղասպանության ու հայրենազրկման հետևանք, ապա ու՞մ  և ի՞նչ գործողությունների հետևանք է մարդկանց այսօրվա զանգվածային արտագաղթը սեփական երկրից: Եւ եթե «դասական» Սփյուռքը պահանջատեր է և հայրենաբաղձ, ապա այսօրվա գնացողները վերադառնալու ոչ մի ցանկություն էլ չունեն, փոքրիշատե կազմակերպված համայնքներ չեն կազմավորում և բավական արագ ձուլվում ու անհետանում են: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի այդ մարդկանց հիմնական մասին սեփական հայրենիքից զրկել է ոչ թե օտարը, այլ իր երկրում հաստատված պետական իշխանական համակարգը: Փաստորեն, մեր աչքի առաջ տեղի է ունենում հայերի զանգվածային հեռացում սեփական երկրից և այդ զանգվածի հետագա անհետացում աշխարհի էթնիկ քարտեզի վրայից:Կարող են  հակադարձել, թե դեպքերի «բնական ընթացք է», և ոչ մի ձևով հնարավոր չէ այն փոխել: Եկեք մի կողմ թողնենք ինքնախաբեությունը: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ այսօրվա Հայաստանում առկա են արտագաղթին նպաստող ու դրդող բազմաթիվ գործոններ: Եւ սա արդեն ո՞րերորդ անգամն է մեր պատմության ընթացքում: Երբ երկիրը, ոչ թե արտաքին, այլ զուտ ներքին իրավիճակից բխող գործոնների «շնորհիվ» մի կողմից դատարկվում է, մյուս կողմից էլ՝ անտանելի մի բեռ դառնում ներսում մնացած մեծամասնության համար: Եւ, ի վերջո, զիջվում օտարին: Որովհետև դադարում է բոլորի համար Երկիր, Պետություն, Հայրենիք լինելուց: Այլ ընդամենը մի ինչ-որ փոքրամասնության համար վեր է ածվում «օբյեկտներ» տեղադրելու տարածքի: Իսկ նման պարագայում արդեն մեծամասնության մի հատվածը թողնում գնում է, իսկ մնացած հատվածն էլ հրաժարվում է արյուն թափել ինչ-որ մեկի օբյեկտի տարածք հանդիսացող հողի համար:

Դե, Երկիրը, Հայրենիքը, Պետությունը՝ բոլորը դրանցն է, թող դրանք էլ պաշտպանեն:Այնպես որ, 1920-ի աշունը մեր պատմության մեջ հաստատ միակը չէ: Անկասկած, դրանք բազմաթիվ են: Հակառակ դեպքում, Հայրենիքի իննսուն տոկոսը այսօր  հայտնված չէր լինի օտարների ձեռքում: Մեր դիտարկմամբ ու համոզմամբ, մեզանում, որպես «1920-ի աշուն» բնութագրվող իրավիճակի ստեղծման հիմնական պատճառը միակն է. մենք հանդուրժում ենք մեզանում պետության և պետականության բացահայտ թշնամիների ոչ միայն գոյությունը, ալ նաև միանգամայն լեգալ եւ անպատիժ գործունեությունը: Չենք հանդուրժում, ասենք, միասեռականությունը, որը բնության մի ինչ-որ խաղի արդյունք է, կամ էլ հետևանք: Բայց հանդուրժում ենք երկրի և հասարակության շահերին դեմ ուղղված, պետականության հիմքերը թուլացնող և ի վերջո կործանող անձանց գործունեությունը: Չենք հանդուրժում տարրական բազմակարծություն, սակայն հանդուրժում ենք քաղաքական ու հասարակական գուրծունեության ոլորտներում նման «բազմազանություն»: Կայացած երկրներում այդ ամենը լրիվ հակառակ բնույթ ունի: Եւ դրա համար էլ այդ ազգերն ու պետությունները պարբերաբար չեն հայտնվում «1920-ի աշնան» իրավիճակներում, և նրանց «զարգացումն» էլ չի ընթանում սեփական Հայրենիքը օտարին պերմանենտ զիջելու ճանապարհով:Մեր պատմության ինչ-որ մի պահից սկսած, սկսել եւ հարատեւում է փաստորեն մի երևույթ, երբ ազգի ամբողջ զանգվածի մեջ մշտապես կազմավորվում ու ձևավորվում է զգալի մի շերտ, որի համար պետությունն ու պետականությունը որևիցե արժեք չեն ներկայացնում: Ավելի ճիշտ, արժեք են այնքանով, որքանով որ կարող են օգտագործվել դրանցից սեփական շահ քամելու համար: Իսկ երբ դրանք հայտնվում են կշեռքի նժարների վրա, պետությունն ու պետականությունը զոհաբերվում են անմիջապես: Դրանց հնարավոր չէ բնութագրել անգամ որպես դավաճան:Դավաճանությունը ի վերջո իրավիճակային, պահի տակ կատարվող գործողություն է՝ նյութական, կամ գաղափարական մոտիվացիաներով: Իսկ սրանցը՝ լրիվ այլ է: Սրանք պետությանն ու պետական շահերին դավաճանում են ամեն օր, ամեն պահի: Եւ հայ միջավայրը հանդուրժում է դրանց գոյությունը, ընդունում է նման աշխարհայացքի գոյության իրավունքը, անգամ պատվիրակում է դրանց կառավարելու երկիրը: Հայ տղամարդը չի հանդուրժում արհեստական, կամ մասնակի վերանորոգված-կարկատած կուսաթաղանթը, բայց հանդուրժում է հակապետական «պետական այրերի» կողմից ծավալած երկիրը կործանող  գործունեությունն ու կեղծ հայրենասիրությունը: Դրա համար էլ մեր պետությունն ու պետականությունն ավելի շատ նմանվել են (այսօր նույնպես բացառություն չէ) հենց ոչ թե իրական պետական համակարգի, այլ՝ կարկատած մի կուսաթաղանթի, որը արտաքնապես ու ձեւական առումով իբր «մյուսների նման է», բայց այդ բլեֆը տեւում է մինչեւ լուրջ փորձության «առաջին գիշերը», երբ ամեն ինչ շատ շուտ ավերվում է, եւ պարզ է դառնում, որ իրականում «տակը» ոչ մի լուրջ բան էլ չկար:Ի վերջո, ցանկացած պետության վարկանիշը, հեղինակությունն ու անվտանգության ապահովման աստիճանը որոշվում են, առաջին հերթին, նրա իշխանական կառավարման համակարգի որակով: Բնական ռեսուրսներ, աշխարհագրական դիրք, անհաջող հարևաններ, այլ արտաքին պարագաներ՝ դրանք բոլորը, ինչ խոսք, թեև կարևոր, բայց, համենայնդեպս, ուղեկցող գործոններ են: Եւ եթե աշխարհը հանդուրժում է, չի ընդդիմանում այս կամ այն պետության անհետացմանը, պատճառը նախևառաջ պետք է փնտրել այն պետական համակարգի էության ու բովանդակության մեջ, որը կազմավորվել է տվյալ ազգի կողմից և գործում է տվյալ պետությունում: Ոչ ոք չի ասում, թե «այս պետությունը մեզ պետք չէ»: Աշխարհը պարզապես ասում է. «նման պետությունը մեզ պետք չէ»: Ինչպես եղավ 1920-ին:Բայց ազնիվ լինենք և խոստովանենք, որ այն պետությունը՝ Առաջին Հանրապետությունը, աշխարհին պետք չգալուց առաջ, պարզվեց, որ պետք չէ նախ մեզ՝ հայերիս: Եւ բնական է, որ նման պարագայում անխուսափելիորեն դատապարտված էր  քարտեզի վրայից անհետանալը: Որովհետև, այո, արտաքին խիստ անբարենպաստ գործոնների առկայությանը զուգահեռ, այդօրվա հայոց ներքաղաքական երկնակամարում «աստղերի դասավորությունն» այնպիսին էր, որ վերը նշված պետության քաղաքացիներից բաղկացած պետականության թշնամիների խմբի ոչ միայն լեգալ, այլ բացարձակ անպատիժ գործելու մասին գոռում ու ճչում էին հասարակ գյուղացուց մինչև  նահանգապետը.- …Չկա Հայաստանում այնպիսի մի գավառ, որի բնակչությունը չկրի անասելի զրկանքներ և չենթարկվի համատարած թալանի բոլոր պաշտոնյաների կողմից՝ ընդհուպ մինչև վերջին միլիցիոների: Մեր համար կաշառակեր հայ պաշտոնյան հավասար է սուլթան Համիդին…- …Կարսի ապաշնորհ ղեկավարությունը զբաղված է միայն թալանով՝ իր օգտին: Հազարավոր փութ հացահատիկ նրանք վաճառեցին ու լցրեցին իրենց գրպանները, իսկ մենք՝ գյուղացիներս, անգամ սերմացու չստացանք: Հանուն ազատության գյուղացին զոհաբերեց իր զավակներին, իսկ այսօր այդ զոհերի որբերն ու այրիները թողնված են բախտի քմհաճույքին, անօգնական են և անճար, սովից են մեռնում: Դիակների ու ավերակների վրա՞ է թագավորելու Հայաստանի Հանրապետությունը…-…Մենք բոլոր միջոցներն օգտագործում ենք, որպեսզի մեր դեմ տրամադրենք բնակչությունը, թշնամանք առաջ բերենք մեր հանդեպ:

Այս ամենաթողության և անվերահսկելի մթնոլորտում, բնական է, որ պետք է ի հայտ գար դժգոհություն, իսկ մենք ի զորու չենք փոխելու ստեղծված իրավիճակը: Խարխլված է պետական համակարգը… Մենք քաղում ենք այն, ինչ որ ցանել ենք…-…Եթե շարունակվի այնպես, ինչպես որ այժմ է, եթե մեր գավառային պաշտոնատար անձանց շարքերը շարունակվեն համալրվել անձանցով, որոնք ձգտում են ապահովել իրենց և հետո գնալ, մենք կհասնենք պետության սնանկացմանը, և այդժամ պայթյունը կլինի անխուսափելի: Բոլորը խոսում են «սիրելի հայրենիքի» անունից, սակայն ոչ մեկի մոտ չկա աշխատելու ունակություն: Բոլորը միայն շահագործում են ու թալանում…Չշարունակենք, քանզի այս ամենը  հայտնություն կամ նորություն չէ և ոչ մեկիս համար: Ծանոթ, չափազանց ծանոթ բաներ են, թեև գրված ու ասված է մեկ դար առաջ: Ասողներն ու բողոքողներն էլ հաստատ էն թվերի բնապահպաններն ու այլ «գրանտակերները» չեն: Այդօրվա կառավարությունն էլ այդ ամենը չի ժխտում: 1920-ի հոկտեմբերի 6-ին հրապարակվում է «Պաշտոնյաների հանցագործությունների մասին» ժամանակավոր օրենքը, ըստ որի «...պաշտոնյան, որը կաշառք կվերցնի փողով, իրով, կամ որեւե այլ ձեւով, կպատժվի ազատազրկման տարբեր ժամկետների, իսկ խոշոր չափերի դեպքում՝ մինչեւ մահապատիժ»:Բայց «հզորագույն եւ խիստ ժամանակին» ընդունված այդ օրենքի խստությունն այն թվի եւ ոչ մի հայ չինովնիկ չհասցրեց իր վրա զգալ: Իրենց բախտից՝ հաշված օրեր անց Առաջին Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ: Իսկ ինչպե՞ս պահեցին ու դրսեւորեցին իրենց «ազգն ու հայրենիքը պահողները» այդ օրհասական օրերին: Բնական է, իրենց էությանը լրիվ ադեկվատ եւ համապատասխան:«...Կզըլչախչախի գրավումից հետո, երբ լուրջ վտանգ է կախվում Ալեքսանդրապոլի գլխին, քաղաքը մատնվում է անիշխանության: Չնայած կառավարության որոշմանը, այն է՝ թուրքերի կողմից Ալեքսանդրապոլը գրավելու դեպքում քաղաքում պետք է մնան քաղաքացիական վարչության անդամները, շրջանային ինքնավարության նախագահը, վարչության անդամները և ընդհանրապես բոլոր պաշտոնյաները, նոյեմբերի 5-ի լուսաբացին թողնում են քաղաքը՝ մատնելով այն անիշխանության, ավերման ու հրդեհման: Ալեքսանդրապոլի գավառի բնակչությունը թուրքական վտանգի դեմ հանդիման մնում է անօգնական: Բախտի քմահաճույքին մնացած բնակչությունը ստիպված է լինում «աղ ու հացով» դիմավորել իր թշնամուն»:Ընթերցենք նաեւ այդ օրերի կառավարական հաղորդագրությունը. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ի նկատի ունենալով, որ հակառակ իր հրահանգի Ալեքսանդրապոլի քաղաքացիական իշխանությունը եւ ինքնավարության մարմինները թողել են քաղաքը եւ հեռացել, ...Ալեքսանդրապոլի նախկին քաղաքագլխին, քաղաքի եւ կայարանի միլիցապետերին եւ մի շարք այլ պաշտոնյաներին կառավարությունը կարգադրեց ձերբակալել դատի ենթարկելու համար»: Իհարկե, ոչ մի բան էլ չհասցրին: Ու՞մ դատի տաս: Պետությունդ կկործանեն, բայց իրենց կպնել չես կարող: Էն թվերի «խոշոր ձկները» այդպես էլ մնացին անպատիժ: Փոխարենը պատժվեցինք մենք: Հուսանք, որ Երրորդ Հանրապետության ղեկավարության կողմից  հայտարարված բավական կասկածելի «ձկնաորսը» չի կանխվի հանկարծ մի նոր «Ալեքսանդրապոլի պայմանագրով»:Իսկ ինչպիսին էր իրավիճակը բանակու՞մ: Հետ գնանք կրկին այն օրերը եւ լսենք դեպքերի անմիջական ականատեսներին եւ մասնակիցներին. «... ճիշտ այդ ժամանակ տեղի է ունենում մեր խայտառակ նահանջը Կարաուրգանից և Կաղզվանից մինչև Բեգլի-Ահմեդ, այսինքն Ղարսի պատերի տակ: Այդ նահանջի ժամանակ թե մարդկանց, թե պաշարի ու ռազմամթերքի ահագին կորուստներ ենք ունեցել: Կորուստներ, որոնք մեր ներկա քայքայված դրության վրա չեն կարող չանդրադառնալ: Այդ կռիվների թե ականատես զինվորականներն ու ժողովուրդը և թե Ղարսի ազգաբնակչությունը այդ նահանջի ամբողջ պատասխանատվությունը առանց մազաչափ տատանվելու վերագրում են զորավարներ Հովսեփյանին և Փիրումյանին: Սրանք զբաղված լինելով ներքին դավադրություններով և իրենց գրպանները լցնելու անվայել և ստոր գործերով՝ անտես են արել ճակատները և մեր երկիրը դրել են այսպիսի վտանգի առաջ»:Մասնագետների կարծիքով, գեներալ Հովսեփյանը, այսօրվա տերմինաբանությամբ, միանգամայն համապատասխանում է դասական «պարկետի գեներալ» կերպարին, եւ «գրպանները լցնելու» նրա ձգտումը միանգամայն հասկանալի է: Բայց, իհարկե, ոչ թույլատրելի: Բա Դանիել Բեկ-Փիրումյա՞նը: Այն Բեկ-Փիրումյանը, որը Սարդարապատում իր զինվորներին գրոհի տանելիս շրջել էր շինելը եւ հագել վառ կարմիր աստառով դեպի դուրս, դառնալով քայլող մի թիրախ եւ ցույց տալով թե թշնամուն, թե իր զինվորներին, որ իր համար այս ճակատամարտը նա համարում է վեջինը: Իսկ ընդամենը երկու տարի անց. «...Ժողովուրդը այնքան վատ էր տրամադրված դեպի զորավարներ Հովսեփյանն ու Փիրումյանը, որ երբ վերջինիս ավտոմոբիլը, ճակատից վերադառնալիս, բախվեց հակառակ կողմից արագ եկող բեռնակիր ավտոմոբիլին, և Փիրումյանը իր ոտքը ջարդեց՝ ժողովուրդը այդ լուրը իրար հաղորդելով ասում էր. «Մեծ հանցավորները պատժվում են, բայց ափսոս ավտոմոբիլներն են փչանում»:Զուգահեռները, ինչպես դժվար չէ տեսնել, գալիս են իրենք իրենց: Իրոք, Արցախյան պատերազմի քանի-քանի իրական հերոսների այսօր գիտենք, որ չդիմացան անօրինական եղանակով հարստանալու գայթակղությանը եւ հայտնվեցին այն սրիկաների կողքին, որոնք դեռեւս «էն գլխից» պատերազմը դարձրել էին իրենց համար հարստանալու միջոց: Եւ այդ իրական հերոսները, իրենց ներկայությամբ այդ սրիկաների շարքերում, նրանց կողքին, փաստորեն «լեգիտիմացնում են» դրանց գոյությունն ու, ըստ էության, աջակցում նրանց հակապետական գործունեությանը...... Ինչի եւ ու՞ր կարող էր հասնել նման պետական ու ռազմական համակարգերում նման մթնոլորտ ունեցող պատերազմող երկիրը 1920-ին: Այն ամենին եւ այնտեղ, ուր որ հասավ՝ անառիկ բերդաքաղաքն առանց կրակոցի հանձնված, զորքը՝ իր ամբողջ հրամանատարներով ու զորավարներով գերեւարված, հաջորդ բերդաքաղաքում թշնամուն արդեն «աղ ու հացով» դիմավորած, ողջ մնացած տղամարդիկ էլ ցեխի մեջ դեմները չոքած:Ինչ խոսք, պատմական այդ հատվածում Հայաստանն իրոք հայտնվել էր թուրքական մուրճի և ռուսական սալի արանքում: Բայց դժվար է վիճարկել նաև այն դառը իրողությունը, որ նման իրավիճակում հայտնված երկիրը փաստորեն զուրկ է եղել  թշնամուն այդ պահին որևիցե դիմադրություն ցուցաբերելու ներքին պոտենցիալից: Խոսքը զուտ նյութական ռեսուրսների մասին չէ: Այդ առումով բանակի վիճակը վատ չի եղել: Խոսքը նրա մասին է, որ պետական-իշխանական և զինվորական բյուրոկրատիայի վարած քաղաքականությունը նպաստել է երկրում ոչ թե դիմադրելու և հակահարված տալու տրամադրությունների ստեղծմանն ու հաստատմանը, այլ լրիվ հակառակ՝ դասալքության ու պարտվողականության մթնոլորտի ձևավորմանը:Օտարազգի մի զինվորական, օրինակ, այդ օրերին իր կառավարությանը տեղեկացնում էր, որ հայերը որոշել են չդիմադրել, քանի որ ի սկզբանե իրենք իրենց համոզել են, որ դիմադրությունն անիմաստ է: Իսկ ի՞նչ էր ասում իշխանությունը: «Հայաստանի ժողովուրդ: Կարսի անկումից հետո թշնամին կանգ չառավ: Տաճիկ սակավաթիվ զորքերն արդեն ծեծում են Շիրակի կենտրոնի դռները: Ժողովուրդը գլուխը կորցրած փախչում է: Ինչու է սակայն այդ փախուստը: Ուր է փախչում խելակորուս ամբոխը: Հայաստանի սահմանները փակ են: Փախուստի դուռ չկա: Միակ ելքը կռիվն է: Կամ կռվով փրկվել, կամ պատվով մեռնել: Թշնամին փոքրաթիվ է և թույլ: Մի գրոհ, մի ուժեղ հարված, և հաղթանակը ապահովված է… Կռիվ կամ մահ,- ուրիշ ելք չկա»: Ահա այսպես:… Բայց եղել են նաև բացառություններ: Ինչ խոսք, ամենամեծ բացառությունը Դրոն էր, որն իրեն ենթակա զորախումբը իրոք կարողացավ դարձնել կանոնավոր բանակային ստորաբաժանում, և այն օրերին, երբ ռազմաճակատի հյուսիսային հատվածում մենք «չոքում էինք», ինքը թուրքերից մաքրեց Սուրմալուն և կրկին մեր հսկողության տակ վերցրեց գավառը: Դրա շնորհիվ է, որ Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանի տարածքը փաստորեն ավելի մեծ է, քան Կարսի պայմանագրով: Ասում են, Դրոն անգամ մտադրություն է ունեցել նոր զորք հավաքել, Աղ-Բաբայի (ներկայիս Ամասիայի շրջանի) հատվածում ճեղքել ռազմաճակատը եւ, միանալով Իգդիրի մեր զորախմբին՝ թուրքական բանակը վերցնել շրջապատման մեջ: Ասում են… Բայց «մարդը որոշում է, իսկ Բարձրյալը՝ կանխորոշում»…Բացառություններ եղել են նաև Կարսի զորախմբում: Մի քանի հայ սպաներ  գերադասեցին ինքնասպան լինել, քան ականատեսն ու մասնակիցը դառնալ համազգային այդ խայտառակությանը, վկան լինել իրենց պետության կործանմանը: Համաձայն մեր օրերին հասած տվյալների, Կարսում անձնասպան են եղել հետևյալ հայ սպաները՝ բերդի պարետ, գնդապետ Մելիք-Հովսեփյանը, Սեպուհի բրիգադի հազարապետ Չիլինգարյանը, մարտկոցի հրամանատար գլխապետ Բագրատունին և առաջին գնդի հրամանատար գնդապետ Մազմանյանը: Նրանց այդ քայլի վերաբերյալ հնչել են և, անկասկած, դեռ հնչելու են, տարբեր գնահատականներ:Մի կողմից՝ «թուլամորթություն, անզորություն, հուսալքություն, անգամ՝ Աստծո կամքին հակառակ գործողություն»… Բացահայտ սրիկաներին չհաշված, բավական դժվար է ասել, թե մյուս ողջ մնացածները՝ այն իբր «զորեղ ու չհուսալքվողները, Աստծո կամքին չհակառակվողները», իրականում ինչ շահեցին և ինչքան ժամանակ և ինչպես դեռ քարշ տվեցին իրենց այդ ողջությունը…Մյուս կողմից, «ասպետություն, իսկական տղամարդկություն, մարտական սպային վայել կեցվածք» և այլ՝ հիացական ու ափսոսանքով լի գնահատականներ:Կան սակայն անձինք, որոնք համարում են, որ աշխարհում իրոք որ չտեսնված ու չլսված ամոթալի այդ իրավիճակում, այդ մի քանի «հայ սամուրայների» կողմից իրենց քունքին արձակած պատվո կրակոցները հնչեցին ավելի բարձր, քան Կարսի ամրություններից այդպես էլ չկրակած թնդանոթները, և այդ որոտը չի լռելու երբեք և հիշեցնելու է ամեն մի հայի, որ իրոք, կա կյանքից էլ, սեփական անձից էլ շատ ավելի վեր ու թանկ բան: Դա Հայրենիքն է: Եւ եթե պարտքդ նրա հանդեպ չես կարող կատարել և տեսնում ես նրա կործանումը, մահն իրոք գերադասելի է անպատիվ ապրելուց: Ասում են հենց այդպիսին էլ եղել են Մազմանովի վերջին խոսքերը. «Մի կյանք ունեմ, Հայրենիք, Քեզ եմ տալիս»: Կարծիքի ընտրությունը, բնականաբար, ամեն մեկիս կամքով ու «ճաշակով» է:Կան նաև «պրագմատիկներ», որոնք պնդում են, թե «իրեն խփելու փոխարեն թող  ղեկավարությունից պատասխան պահանջեր, ի վերջո, նրանց խփեր»: Այդ պատասխանը իրականում նա պահանջեց: Պահանջեց  ամենաբարձր ղեկավարությունից ու բոլոր հայ սամուրայների անունից: Դիմենք մեր մեծագույն մտածողներից մեկի՝ Կոստան Զարյանի «ուղիղ ռեպորտաժին», որն արված է այն օրերի Հայոց Խորհրդարանից. «Լռության մեջ նախարարներից մեկը խոսեց,- Պարոնայք պատգամավորներ: Այսօր կեսօրից հետո լուր ստացվեց Կարսի անկման մասին: Ցավով իմացանք, որ թուրքի ասկյարները քաղաք են մտել գրեթե առանց կրակ արձակելու… Պարտք եմ համարում այստեղ հիշել մի սրտառուչ դեպք: Քաջ գնդապետ Մազմանյանը հուսահատությունից մղված տեղնուտեղը ինքնասպան է եղել…Այդ վայրկյանին ամենքը տեսան, թե ինչպես գնդապետ Մազմանյանի ստվերը համր քայլերով ծածկված, արնաշաղախ գլխով անցավ նստարանների միջից, կանգ առավ դահլիճի խորքում: Հետո բոլորը տեսան՝ գլուխը հակված գնդապետ Մազմանյանը երերաց և մարմնի ամբողջ ծանրությամբ վայր ընկավ: Բոլոր ներկաները սփրթնեցին»:… Միգուցե եղել են և այլոք: Այսօր դա հայտնի չէ: Բայց այնպես է ստացվել, որ առավել մեծ հնչեղություն ստացել է հենց 28-ամյա գնդապետ Հովհաննես Մազմանյանի, կամ ինչպես այն օրերից է եկել՝ Մազմանովի, ինքնասպանությունը՝ մարտնչել հրաժարվող հայկական զորքի աչքի առաջ: Պատմությունն էլ այնպես է ընթացել, որ հենց Մազմանովն է դարձել ու համարվում է այդպիսի՝ «հայ սամուրայական» վարկագծի, կեցվածքի, հոգեբանության ու աշխարհընկալման խորհրդանիշն ու մարմնավորումը: Նրա մասին հյուսվել է շատ տխուր մի երգ: Հայտնի են այդ երգի մի քանի տարբերակներ: Բերենք դրանցից երկուսը.ՄԱԶՄԱՆՈՎԻ ԵՐԳԸԿարաբաքիր փաշեն գրեց հրաման Ղարսը դատարկեցեք մինչև Արդահան Ղարսը դատարկեցեք մինչև Արդահան Հայերն ինչ մարդիկ են, որ դառնան իշխան Մազմանովը գրեց Քերզնբեկ փաշին Օլթին կդատարկես մինչև ի ճաշին Օլթին կդատարկես մինչև ի ճաշին Եթե ոչ կջնջեմ մինչև Օմբաշին Մազմանովը ըզգաց Ղարսի վտանգը Կողքից քաշեց հանեց ատրճանակը Կողքից քաշեց հանեց ատրճանակը Եւ այսպես վերջ տվեց յուր ջահել հասակը Մազմանովի դիակը բերին ըստանցին Ախ անիծյալ հայերը թողին գնացին Ախ հայեր հայեր ողջդ կոտորվեք Մազմանովի դիակը գերի չթողնեք Մազմանովի դիակը թուրքին չթողեքՄԱԶՄԱՆՈՎԸՄազմանովը գրեց Ղասըմ բէկ փաշին,Իմ նամակս տարէք յանձնէք Արտաշին,Թող մեր Կարսը ազատեն շների փաշին,Թէ չէ ես կը սպաննեմ թուրքին պին պաշին։Ղասըմ բէկ փաշին էլ գրեց մի հրաման,Չեմ կատարի ես ձեզ ոչ մէկ մի պայման,Եօթը հազար հեծեալ զօրքեր ունեմ ես,Ես կ՚ազատեմ Կարսը, կ՚անցնեմ Արտահան։Մազմանովը տեսաւ Կարս վտանգը,Նա իր ճէպից հանեց տրճանակը,Մազմանովը տեսաւ զորքը քայքայուեց,Իր հայոց պայմանն էլ թուրքին դուրս հանեց։Նա իր ճէպից հանեց ատրճանակը,Թուրքերուն զոհ տուեց ճահիլ հասակը.Մազմանով բերին Կարս հայաստանցիք,Ա՜խ, անաստուած հայեր թողին գնացին։Ա՜խ, անաստուած հայեր բոլորդ կոտորվէք,Մազմանովին դիակը թուրքին մի թողնէք։Հայերը խառնված լցվին վագոնը,Մազմանովի դիակը թողին բալկոնը:Քչերին է հայտնի, որ Կարսի անկումից և Մազմանովի քայլից ցնցված 19-ամյա Նաիրի Զարյանը այդ օրերին գրել է նրան նվիրված մի բանաստեղծություն: Ստորև բերում ենք նաև այդ բանաստեղծությունը.

ԳՆԴԱՊԵՏ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ/Կարսի անկման առթիվ/
Այս պատմությունն ամոթակեզ բերնե բերան է գալարվում,Եւ ինչպես օձ բյուրաժանիք հոգիներն է մեր խայթում:Սովալլուկ գայլերի պես նրանք սողում էին դեպ մեզ,Գնդապետը երեք անգամ աղաղակեց կռվի նշան,Երեք անգամ “հառաջ” ձայնեց ու սլացավ սուսերամերկ,Երեք անգամ դիրքերն ի վեր նա պաղատեց կռվի հրավեր…Մերոնք, ասես, շշմած էին ինչպես հոտը հեգ ոչխարի,Չկռվեցին, չգոռացին հրացանները հազար-լեզու,Չխոսեցին գնդացիրներ – հրակոտոր հռետորներ.Մինչ գազազած գայլերի պես նրանք սողում էին դեպ մեզ,Մերինները կորասըվին, բյուրակռնակ խուճապեցին:Երբ որ խուճապը նա տեսավ ոչխարախուռն իր զորքերի,Երբ որ ամոթը սև ամպի պես նստեց նրա ճակտի վրա,Իր դիակը սըվինամերձ թշնամիի առջև փռեց:Իսկ զինվորները դասալիք, մեր զինվորները խուճապող,Հավաքեցին միջնաբերդում իրենց վախը ամոթալի,Խռնվեցին իրարու մոտ զերթ գայլ տեսած վոչխարի հոտ,Լեարդերի պես իրենց ճերմակ բարձրացուցին մի դրոշակ…Այս պատմությունն ամոթակեզ սրտերից-սիրտ է գալարվում,Եւ ամոթը բյուրակնճիռ ճակատներն է մռայլում:Այս պատմությունն է գալարվում մայթերի վրա, դահլիճներում,Պատմվում է հազար լեզու, ճարագուշակ ինչպես բուհու,Գիշերվում է և իմ հոգում՝ առկայծում է դեմքը նրա – Սուսերամերկ, հերոսատիպ, հերոսամահ գնդապետի:Մերկացած սուրը նրա փայլատակում է իմ հոգումԵւ ամոթի մութը սառցե շանթի նման ակոսում է:Դեռ իմ հոգում վարանել են մերինները սվինահակ,Դեռ իմ հոգում որոտում է նրա ձայնը ռազմահրավեր.Դեռ իմ հոգում հազար-կռնակ խուճապում է հոտը նրանց.Դեռ իմ հոգում նա կանչում է, աղաչում է դիրքերն ի վեր:Նախատինքը հազար լեզու ու կշտամբանքը բյուրաչափ,Հակված գլուխը Մասիսի նա տեսնում է դեռ իմ հոգում:Նա տեսնում է Եւրոպայի արհամարհանքը սառույցե,Հայրենիքը խաչված կարապ ու բյուր հույսեր սին ու պարապ:Հրդեհ, ավեր ու կոտորած, սով, հեծեծանք համատարածՄեկ վարկյանում հազար անգամ նա տեսնում է դեռ իմ հոգում…Նրա աչքերն են այրվում աղերսական, ազնվաբոց,Նրա ճակատն է մթագնում սև ամոթից դեռ իմ հոգում,Դեռ շանթի պես աստվածամերկ նրա սուրն է փայլատակում,Դեռ իմ հոգում կարկաչում է սուրբ վտակը նրա կրծքից…Նրա մահը վառվում է դեռ հերոսության զերթ սուրբ պատկեր,Դեռ իմ հոգում նա մեռնում է, կարկաչում է ու ճառագում:Այս պատմությունն ամոթակեզ ամպանում է բյուր սրտերում,Մթին ամպում շանթի նման նրա մահն է փայլատակում… 



2012-ին լրանում է գնդապետ Հովհաննես Մազմանյանի՝ Մազմանովի ծննդյան 120 տարին: Թեև որոշ հեղինակներ նրա ծննդյան թիվը նշում են ոչ թե 1892, այլ 1890-ը, տվյալ դեպքում դա ունի զուտ ակադեմիական նշանակություն: Ի վերջո, մի՞թե կա էական տարբերություն, թե Կարսի հանձնումը չհանդուրժած հայ գնդապետը իր վճիռը կայացնելու այդ պահին իրականում 28 տարեկան է եղել, թե 30…Արցախյան պատերազմը ցույց տվեց, որ մազմանովյան հայրենասիրությունը առկա է շատերի մոտ: Ավաղ, դրա հետ մեկտեղ առկա է նաև «մազմանովյան սինդրոմը», երբ մենք, բացահայտ սրիկաների խրախճանքի դեմ անզոր, գնում ենք ինքնաոչնչացման: Եթե ոչ քունքին գնդակ արձակելով, ապա արտագաղթելով, կամ էլ հանդուրժելով, հարմարվելով եւ լռելով: Եթե մենք չազատվենք այդ արատից՝ մեզանում ակնհայտորեն պետականակործան շերտի գոյությունն ու գործունեությունը հանդուժելուց, ապա  հայտնի չէ, թե ինչպիսին կլինի մեր համար 2020-ի աշունը…

Թեև հոդվածը ոչ մի առնչություն չունի գիտական հրապարակման հետ, սակայն, հեղինակը, համենայնդեպս, անհրաժեշտ է համարում նշել, որ օգտվել է Հրայր Իկիլիկյանի, Գևորգ Յազըճյանի, Արտո Ալեքսանդրյանի, Կարինե Ալեքսանյանի, Արտաշես Պողոսյանի հրապարակումներից և հուշերից: Իսկ Նաիրի Զարյանի բանաստեղծության արխիվային հղումը մեզ տրամադրեց պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը:

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Orphus system  
Գլխավոր ՀԱՅԱՑՔ ՇԻՐԱԿԻՑ Վերջին հայ սամուրայը

Գյումրի | թարմ. Կիրակի, 28 հուլ. 2013, 05:50 (GMT +4)
+14°
փոփոխական ամպամածություն
635 mmHg, 82%, 3 մ/վ հ.
արևածագ: 05:57, մայրամուտ: 20:24
Google 885.35 ▼2.35 (-0.26%)
Microsoft 31.62 ▲0.23 (0.73%)
Apple 440.99 ▲2.49 (0.57%)
Intel Corporation 23.26 ▲0.20 (0.87%)
NASDAQ:GOOG

Google

Company ID [NASDAQ:GOOG] Last trade:885.35 Trade time:4:00PM EDT Value change:▼2.35 (-0.26%)
NASDAQ:MSFT

Microsoft

Company ID [NASDAQ:MSFT] Last trade:31.62 Trade time:4:00PM EDT Value change:▲0.23 (0.73%)
NASDAQ:AAPL

Apple

Company ID [NASDAQ:AAPL] Last trade:440.99 Trade time:3:59PM EDT Value change:▲2.49 (0.57%)
NASDAQ:INTC

Intel Corporation

Company ID [NASDAQ:INTC] Last trade:23.26 Trade time:4:00PM EDT Value change:▲0.20 (0.87%)
Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: