«Կռված տղերքի» «կենսագրական սիլիկոնը»
Չորեքշաբթի, 24 Հուլիս 2013 13:14
smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon

Բոլոր այն զինվորներին, որոնք հավասարապես ազնիվ եղան իրենք իրենց առաջ՝ թե պատերազմի դաշտում, թե դադարի տարում1992-ի աշունն է: Հադրութի պաշտպանական շրջանի գումարտակներից մեկի հրամանատար Բադասյան Վահանի հետ գնում ենք «սեպարատ բանակցություններ» վարելու: Բանակցության առարկան պատերազմի «մարդասիրական» կողմն է: Փորձելու ենք հակառակորդի հետ ինչ-ինչ համաձայնություններ ձեռք բերել գերիների և պատանդների` թե զինվորական, թե քաղաքացիական, թե կենդանի, թե մեռած,  փոխանակում իրականացնելու համար:Իսկ դրսում Հադրութի այն սովորական, հաճելի աշուններից մեկն է:

Մի քանի օր չդադարող մանր անձրևներով, մառախլապատ առավոտներով, դրանց հաջորդող մեղմ-տաք արևոտ օրերով, ցրտոտ երեկոներով ու գիշերներով: Այ, գիշերներն են մի քիչ յուրահատուկ ու մի քիչ անհարմար` մարդկանց մեծ մասը գիշերներն անցկացնում է նկուղներում: Մութն ընկնելուն պես ադրբեջանական կողմը սկսում է քաղաքի հրետակոծումը, և «վերևում» մնալն իրոք վտանգավոր է: Գրեթե ամեն առավոտ տեղեկանում ենք ավերածության ու զոհերի մասին: Իսկ մնացած առումով հաճելի և, նույնիսկ, կարելի է ասել, պատերազմական խաղաղ աշուն է:Հադրութն արդեն ազատվել է ամառվա շոգից, դրա հետ էլ` ամռան ամիսների շոկից: Եթե շոգը այս տեղերի համար սովորական ու տանելի մի բան է, ապա շոկը խիստ անսովոր էր և, բնականաբար` ոչ տանելի: Նախ, Շուշիի ու Լաչինի հատվածներում կրած անհաջողություններից հետո, հակառակորդը, ոգևորված ռազմաճակատի հյուսիսային հատվածում 92-ի ամառային իր հաջողություններով, հուլիսի սկզբներին նախաձեռնել էր բավական ուժեղ հարձակում Տողի ուղղությամբ:  Դե ինչ, գալիս եք, եկեք: Տողի մատույցներում մարտի հենց սկզբից թշնամու յոթը տանկից երեքը խփվեցին, գրոհը հետ մղվեց, թշնամին նահանջեց: Բայց այդպես էլ չիմացանք, թե երեք տանկն էլ խփող «Ռիժիկ» Կառլենը խփած տանկերի համար իրեն հասանելիք պարգևավճարը վերջապես ստացավ, թե ոչ: Քանի անգամ տեսանք, հա ասում էր, թե «փողս խի չեն տալիս»: Մի անգամ նույնիսկ, հրաժեշտից հետո մեքենայի միջից գոռացի . «Ուստա, Համոն փողը չի տվել»:Հետո այնպես էր ստացվել, որ մի պահ ադրբեջանցիները հաջողեցրել էին Ցորի ուղղությամբ ճնշել մեր պաշտպանական դիրքերը և շարժվել առաջ: Արդյունքում նրանց զգալի ուժեր հայտնվել էին Հադրութը շրջապատող պայտաձև լեռնապարի` ուղիղ Հադրութին նայող մի հատվածի վրա: Եթե հասցնեին հանկարծ վերև տեղափոխել նույնիսկ ոչ մեծաքանակ ականանետներ ու հրետանի, ապա հաստատ Հադրութի բանը բուրդ էր: Անտառածածկ լեռներով կազմված բնական այդ զմրուխտյա հսկա ջամի հատակում տեղավորված գողտրիկ քաղաքից էլ բան չէր մնա: Բայց հաջողվեց շատ արագ կազմակերպել, ինչպես ասում են, պատասխան գործողություններ, և քամուն տրվեցին արդեն հակառակորդի բմբուլները: Հադրութին կից անտառներում ընթացած մարտերից հետո շաբաթից ավել հա դիակ է, որ փոխանակում էին: Միայն Վահանը հարյուրից ավել դիակ էր հանել: Այդ գործով Վահանը, ինչպես ասում են, խիստ պրագմատիկ է և փորձառու: Եթե այդ պահին հակառակ կողմից հարմար մարդ, կամ աճյուն չէր առաջարկվում, Վահանը չէր վհատվում: Որպես «բարտեր» հակառակ կողմից պահանջում էր վառելիք, քսայուղ, նույնիսկ էլեկտրալարեր: Իսկ 92-ի օգոստոսյան այդ փոխանակման ավարտական փուլում մի քանի դիակի դիմաց հենց նրանց կոմբայնով հնձել էր տվել մի քանի տասնյակ հեկտար նրանց ցորենի արտերը ու բերքը բերել մեր կողմ: Չար լեզուներն ասում են, թե դեպքեր են եղել, որ ադրբեջանցիներին ստիպել է անգամ մի քանի արկղ փամփուշտ բերել հանձնել իրեն: Բնականաբար, անսալով հակառակ կողմի խնդրանքին` հանկարծ մարդ չիմանա: Մինչ օրս էլ մարդը չի խոստովանում: Երբ այդ մասին խոսք է գնում, կատակի է տալիս: Դեհ, պատերազմ է, ինչ ասես հնարավոր է…Թեև առաջին գիծն այստեղ անցնում է Հադրութից շատ մոտ` այդ հատվածում մեր պոստերը տեղակայված են Քոչբեկի ուղղությամբ, բայց պատերազմական չափանիշներով իրավիճակն իրոք որ խաղաղ է: Մեկ-մեկ նույնիսկ իջնում ենք «խորաղբյուր» կոչվող վայրը, հայտնի տինջիրիի-չինարի տակ, ուր Մանյան մեզ իր թեյարանում մուրաբայով թեյ է հյուրասիրում: Այդ օրերին հակառակորդի կողմից եկած ինքնաթիռը նույնիսկ մի ռումբ գցեց Վանք գյուղի մոտ: Բայց… ռումբը չպայթեց ու դրանով, ասես, մեկ անգամ ևս վերահաստատվեր այդ օրերի խաղաղ իրավիճակը: Եվ ահա, 92-ի խաղաղ աշնան այդ երեկոյով Խանձաձորի Վահանի հետ գնում ենք փոխանակման վերաբերյալ ադրբեջանցիների հետ հերթական բանակցություններ վարելու:Այդ օրը թե հատկապես իմ «ոտքը վրա չէր», թե, անկախ ամեն ինչից, հենց Վահանի օրը չէր, բայց որևիցե «գործարք» չկատարվեց: Իզուր էին մեր կողմից ադրբեջաներեն կատարյալ տիրապետող Սուրեն դայու բոլոր ճիգերը, որը տքնում էր համոզել մյուս կողմին, թե ներկայացվող «մեիդը» հենց իրենց ուզածն է: Երբ նրանք փաստարկ բերեցին, թե իրենց ասածը քսաներկու տարեկան տղա է, իսկ սրա գլխին ահագին սպիտակ մազեր են երևում, Սուրեն դային իսկույն կողմնորոշվեց. «Ինչ կա այդտեղ, այ բալամ: Պատերազմում այնպիսի ներվային ցնցումներ են լինում, որ մարդը մի քանի րոպեում կարող է սպիտակել»: Այն կողմը համառեց. «Մեր ասածը երիտասարդ տղա է, իսկ սրա մոտ, տեսեք, մի քանի հատ մետաղյա ատամներ կան: Սա տարիքով մարդ է եղել»: Սուրեն դայիս, իհարկե, այս դեպքում էլ չհանձնվեց և ակնթարթորեն կրկին կողմնորոշվեց. «Այ բալամ, մոռանում ես որ պատերազմ է, ամեն ինչ կարող է լինել: Ինչ անենք, որ մետաղյա ատամներ են: Ռուկոպաշնի բոյ է եղել, տվել խեղճ երեխու ատամները փշրել են, հետո սանչաստում մետաղյա ատամներ են տեղադրել»: Այստեղ արդեն ես չդիմացա ու սկսեցի հռհռալ: Բանակցությունների այդ անհաջող ռաունդի ավարտից հետո Սուրեն դային մի լավ դաս տվեց դիակը բերողներին. «բա էդ տեսակ մեիդ կբերեն: Խայտառակ եղանք»: Իսկ երբ ինձ էր տեսնում, պարտադիր հիշեցնում էր. «Ա~ա, տու համը հանեցիր, հե, տու որ չծիծաղեիր, էն շան որդուն արդեն համոզել էի, հա~»:Ինչևիցե, այդ օրը «բանակցային գործընթացում» որևիցե դրական արդյունք չարձանագրվեց: Ինչը մեր համար ավելի ցավալի էր, քանի որ ներվային ցնցում տարած ու «ռուկոպաշնի բոյում» ատամները կորցրած այդ դիակի դիմաց մեզ վերադարցնելու էին կենդանի մարդ` 72-ամյա մի հադրութցու: Չստացվեց…Անպտուղ այդ հանդիպման ավարտին ավանդաբար միմյանց ներկայացրինք որոնվող և փոխանակման համար առաջարկվող անձանց` թե կենդանի, թե մեռած,  անունների ցուցակները: Ադրբեջանական կողմի ներկայացված ցուցակում առանձնանում էր մյուս անունների համեմատ խոշոր տառերով գրված, առանձնացրած մի անուն . КЕВОРКОВ БОРИС САРКИСОВИЧ:Հայկական կողմը տեղյակ էր, որ Ադրբեջանի Ազգային Ճակատը իշխանության գալուց հետո Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Կոմկուսի մարզային կոմիտեի նախկին առաջին քարտուղար Բորիս Կևորկովին երկարաժամկետ բանտարկության է դատապարտել, եթե չեմ սխալվում`ութ տարվա: Ոչ ավել, ոչ պակաս` «ԼՂԻՄ-ում Ղարաբաղյան Շարժման կազմակերպման համար» ձևակերպմամբ: Իսկ հիմա, ինչպես տեսնում ենք, ադրբեջանցիների կողմից սույն գործչի անձը հանված է աճուրդի և մեզ առաջարկվում է Խորհրդային Ղարաբաղի վերջին հայ ղեկավարին փոխանակել ադրբեջանցի որևիցե շնչի կամ դիակի հետ:Մենք հանգիստ ընթերցում ենք ցուցակը, ոչ մի ձևով չարձագանքելով նրանում КЕВОРКОВ БОРИС САРКИСОВИЧ անվան առկայությանը: Մյուս կողմի գլխավոր բանագնացը` մայորի ուսադիրներ կրող մի նախկին ուսուցիչ, ի վերջո չդիմացավ.- А этот парень вас, что, совсем не интересует? – Հարցրեց նա, մատը դնելով Կևորկովի անվան վրա:- Абсолютно. Мы его подарили вам. А подарок возвращать не принято. Тем более, не принято брать подарок обратно.Վագիֆը`այդպես էր ներկայանում այդ մայորը, մի տեսակ տարակուսած և ինչ-որ տեղ շփոթված մեզ էր նայում: Զգացվում էր, որ փորձում է ինչ-որ մի բան հասկանալ, պարզել, հստակեցնել իր համար: Հետո, թե.- Один вопрос, чисто по-человечески. Вот как получилось, что вам сейчас совершенно наплевать на него, ни судить не желаете, ни миловать.Մենք մի անորոշ քմծիծաղ տվինք, ու ուսներս թափ տվինք: Իրոք, 92-ի աշնանը, Բորիս Կևորկովն ինչներիս էր պետք:Հետո մի քանի վայրկյան, ասես վերացած իրականությունից ու մոռացած ամեն ինչ, լուռ իրար էինք նայում: Ասես չկար հայ-ադրբեջանական այդ պատերազմը, չկային թե մեր կողմից, թե նրանց կողմից թփուտներում դարան մտած զինվորները, չկային  ծառերի աշնան գունազարդ տերևների արանքից բանակցողների վրա ուղիղ նայող գնդացիրներն ու ինքնաձիգները, որոնց սև փողերի սառնությունը ասես ճակատովդ էիր զգում: Վտանգի զգացողություն, զգուշավորություն` դրանք այդ պահին լքել էին մեզ: Ասես չեզոք ու ապահով մի վայրում մենք մեր վերաբերմունքն  էինք ցույց տվել ամենևին ոչ շարքային մի հարցի վերաբերյալ, ադրբեջանցին էլ դա փորձում էր հասկանալ ու մարսել…Չասեք, թե հետին թվով հեշտ է խոսելը, կամ էլ ինչ-ինչ դատողություններ անելը: Եվ չհամարեք, թե ասածը չափազանց վերամբարձ է հնչում: Ձեր գործն է, դուք գիտեք: Բայց ես ինքս գիտեմ մի բան. 1992-ի աշնանային այդ օրվա այդ մի քանի ակնթարթում կողմերից երկուսիս դիմաց էլ ավելի քան պարզ ձևով դրվեց–հայտնվեց այդ թվերի շարժման ու պատերազմի գլխավոր ճշմարտությունը: Եվ այդ ճշմարտությունը բացահայտողը իրականում մենք չէինք: Այդ ճշմարտությունը բացահայտողն ու մեզ փոխանցողը` իր հայացքի, բիոդաշտերի ու էլ չգիտեմ ինչերի միջոցով, մայորի համազգեստ հագած Ադրբեջանի Ազգային Ճակատի այդ ներկայացուցիչն էր:  Ադրբեջանցու ամբողջ կեցվածքից` հայացքից սկսած և վերջացրած կանգնելաձևով` այդ պահին դեպի մեզ էր հոսում մի բան. մեր հակառակորդը հասկացել ու հստակ գիտակցում էր, որ հայերը այս հակամարտության մեջ ունեն  հսկայական, անասելի և անվիճելի մի առավելություն. նրանք արդեն տարել են Կալդերոնի ասած «հաղթանակներից ամենակարևորագույնը` հաղթանակն իրենք իրենց նկատմամբ», իսկ մնացածն արդեն զուտ ժամանակի հարց է: Նա հասկացել էր, որ հայերը կարողացել են հաղթել ԿԵՎՈՐԿՎՇՉԻՆԱՆ, ուստիև, Կևորկովը` ողջ թե մեռած, այս պարագայում այլևս որևիցե հետաքրքրություն իրենց համար իրոք որ չի կարող ներկայացնել: Ադրբեջանցին, մեզ նայելով, պարզորոշ փոխանցեց, որ այս պատերազմում հայերը հաստատ հաղթելու են: Որովհետև հաղթանակները, ի վերուստ, պատերազմող կողմերից հենց նման կողմի համար են նախատեսված ու կանխորոշված: Էհ, արդար դատաստանի բաժին դառնաս, Իոսիֆ Վիսարիոնովիչ. «Наше дело правое. Победа будет за нами»: Իսկ բարձրաձայն, Վագիֆը ընդամենը ինքն իրեն, ասես, հուսադրելով, ասաց. «Скоро весь Физулинский район будет под контролем Народного Фронта»: Մեզ դեպի իրականություն հետ բերեց ադրբեջանական կողմից  դեպի մեզ թռչող MиГ-ի ձայնը: Ես ու Վահանը առանց վերև նայելու թունոտ քմծիծաղ տվինք: Էս Վագիֆը, թե «у нас тоже козлов и долб…ов хватает» ու ձեռքը տարավ ռացիային: Մենք կանխեցինք. «Не надо, пусть бомбит. Но от этого что, труп помолодеет?»:Միմյանց մաղթեցինք ողջ մնալ և բաժանվեցինք: Մաղթանքն իզուր չէր: Մենք դեռ օդում էինք դեպի ճամփեզրի փոսորակը թռչելիս, երբ ադրբեջանցիները գրանատամյոտով թխեցին», ու մի կես ժամ գնաց անկանոն փոխհրաձգությունը...Անցած Արցախյան պատերազմը ոչ առաջինն էր և ոչ էլ վերջինը մարդկության, և նույնիսկ անգամ հայության պատմության մեջ: Եվ ինչպես ամեն մի պատերազմ, այս պատերազմը նույնպես, մի կողմից, ի հայտ բերեց մարդկային ծայրահեղ առաքինության և զոհողության ցնցող օրինակներ, մյուս կողմից` մարդկային ծայրահեղ ստորության ու ցածրության նույնպես ավելի քան վառ և ավելի քան ցնցող օրինակներ: Իրոք, այդ երկու մարդկային հատկությունների գերխտացված դրսևորումը կյանքի և մարդկային համայնքի «պարտադիր» և անհաղթահարելի օրենքներից ու կանոններից է: Մարդկային այդ երկու կերպի մասին է հենց հայտնի ռուսական ասացվածքը. кому война, кому - мать родна: Մարդկային այդ երկու տեսակն է իրենց ամբողջ էությամբ բացում Վլադիմիր Վիսոցկին իր Про Сережку Фомина երգում:Я рос как вся дворовая шпана,Мы пили водку, пели песни ночью,И не любили мы Сережку ФоминаЗа то, что он всегда сосредоточен.Сидим раз у Сережки Фомина,Мы у него справляли наши встречи,И вот о том, что началась война,Сказал нам Молотов в своей известной речи.В военкомате мне сказали: "Старина,Тебе броню дает родной завод "Компрессор"!"Я отказался,- а Сережку ФоминаСпасал от армии отец его, профессор.Кровь лью я за тебя, моя страна,И все же мое сердце негодует:Кровь лью я за Сережку Фомина,А он сидит и в ус себе не дует!Теперь небось он ходит по кинам,Там хроника про нас перед сеансом,Сюда б сейчас Сережку ФоминаЧтоб побыл он на фронте на германском!Но наконец закончилась война,С плеч сбросили мы словно тонны груза,Встречаю я Сережку Фомина,А он Герой Советского Союза...Խոսելով անցած պատերազմի մասին, Կովկասյան գործերին բավական ծանոթ Թոմաս դե Վաալը մի անգամ ասաց, թե «անցած պատերազմը բավական պրիմիտիվ պատերազմ էր»: Փորձագետը նկատի ուներ պատերազմի ընթացքում օգտագործած ռազմա-տեխնիկական միջոցները: Դա ճշմարտություն է, և մենք էլ դա գիտենք: Բայց գիտենք նաև մեկ այլ ճշմարտություն. անցած արցախյան պատերազմը ոչ այնքան պատերազմ էր երկու պետությունների միջև, որքան որ պատերազմ էր երկու ժողովուրդների, երկու ազգերի միջև: Դա ազգային-ազատագրական պատերազմ էր: Իսկ նման պատերազմում միշտ էլ հաղթում է իր ազատության համար մարտնչող կողմը: Անկախ նրանից, թե կողմերը միմյանց դեմ կռվում են նետ ու աղեղով, թե տանկով ու գրադ-ով:Որն էր մեր ոտքի ելնելու և զենք վերցնելու նպատակը: Հարցի պատասխանը հնչեց Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքներում, գյուղերում, ագարակներում ու շեներում, ՄԻ–Ա–ՑՈՒՄ: Արցախյան Շարժումը վերաճեց Արցախյան Պատերազմի, որն ավարտված համարել չի կարելի` առկա է ընդամենը զինադադարի վերաբերյալ իր իրավական ուժով բավական պրիմիտիվ մի փաստաթուղթ: Ինչևիցե, բայց 1994-ի մայիսի 12-ին հայկական կողմը հանդես էր գալիս որպես անհերքելի հաղթանակած կողմ: Ինչպես տնօրինեց և օգտագործեց այդ հաղթանակը հայկական կողմը: Հասկանալի է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ով է տնօրինողն ու օգտագործողը:Դեպքերի ընթացքը եղավ այնպիսին, որ մեզանում մեր տեղական «Սերյոժկա Ֆոմինները» դարձան ոչ միայն մեդալակիր-շքանաշնակիրներ, դա դեռ ոչինչ, ինչպես ասում են՝ «թող իրենց ըլնի»,- այլ տեղի ունեցավ ամենասարսափելին. Հենց նրանք, այդ հայ «Սերյոժկա Ֆոմինները» դարձան այդ հաղթանակը տնօրինողները: Այն է` հաղթանակի պարգևած բոլոր ռեսուրսների անխնա մսխողն ու շռայլողները: Ավելին: Նրանք 1994-ի մայիսին պատերազմական գործողությունները դադարեցված համարեցին արտաքին թշնամու դեմ, սակայն շարունակեցին պատերազմը սեփական ժողովրդի դեմ: Եվ որպեսզի նսեմացվի թե անցած պատերազմի և հաղթանակի բուն իմաստը, թե դրանք կռողների վաստակը, հայ «Սերյոժկա Ֆոմինները» պատերազմի ամբողջ ծանրությունն իր ուսերի վրա տարած և Հայրենիքին Հաղթանակ պարգևած հայ զինվորի համար հնարեցին նաև նսեմացուցիչ մի բնութագում. «կռված տղա»: Զինվոր, մարտիկ կոչումները հարիր են պետականություն ու բանակ ունեցող, սեփական պետությունն ու ժողովրդին պաշտպանող, ժամանակին իր հանդեպ կատարած անարդարությունը վերացնել ձգտող ազգին: Բայց եթե այդ ամենը հենց այդպես էլ ընդունվի ու ներկայացվի, ապա որ մի տեղում կհայտնվեն մեր Սերյոժկա Ֆոմինները: Եվ ելքը գտնվեց` ինչ համաժողովրդական պատերազմ, ինչ զինվոր, ինչ մարտիկ ու ռազմիկ, ինչ հրամանատար, ինչ սպա: Փոխարենը` կիսա-քուչի, կիսա-քրեական, կիսա-արկածախնդիր, կիսա-խառոշի, թափթփուկին ու խիստ կասկածելի սոցիալական կարգավիճակի հավակնող մի բնութագրում ` «կռված տղա»: Ոչ պետություն, ոչ ազգ ոչ բանակ, ինչ որ` անորոշ «կռված տղեք»: Որոնց, բնականաբար, «նայել ու տիրություն են արել» հենց իրենք` Սերյոժկա Ֆոմինները:Նախկինում միջազգային իրավունքում գործել է մի նորմ, որը կոչվել է «պատերազմի իրավունքով»: Օրինակ, առաջին աշխարհամարտին վերաբերող հետազոտություններում մեջբերված արխիվային փաստաթղթերում բազմաթիվ նվաճված տարածքների մասին այդպես էլ գրված է՝ «պատերազմի իրավունքով զբաղեցրած տարածքներ»: Մեր «Սերյոժկա Ֆոմինները», հետևելով զանազան` ավելի քան կասկածելի թոփ-աստղերի օրինակին, հապճեպորեն սկսեցին հեռացնել իրենց կենսագրություններում առկա «ցելյուլիտները» և փոխարենը ներարկել այդտեղ «կենսագրական սիլիկոն»: Արդեն իրենց ուզածով անգամ Արցախյան ազատամարտի «Հանրագիտարան » են նույնիսկ կազմել: Որը պետք է ասել, բավական արժեք ներկայացնող հատորյակ է: Քանզի իրենից ներկայացնում է հանրահայտ փաստերի բացահայտ կեղծման մի ծավալուն տեղեկատու: Էլ չենք խոսում համառորեն պտտվող լուրերի մասին, որ համեմատաբար «համեստ» անուններ այդ հատորյակում ներառելու համար գործել է հստակ, կենդանի սակագին` կախված անձի հերոսությունը լուսաբանող տողերի քանակից:Իսկ այդ կենսագրական պլաստիկ «ռեմոնտից» հետո սկսեցին ի ցույց դնել իրենց անուրանալի ներդրումն անցած պատերազմում և միայն ու միայն իրենց շնորհիվ մեր կողմից հաղթանակի հասնելու հնարավոր լինելը: Եվ արդեն երկու տասնամյակ է, որ վայրի թալանի միջոցով` «պատերազմի իրավունքով», խլում են սեփական ժողովրդից ինչը որ աչքը տեսնում է: Թե Հայաստանի Հանրապետությունում, թե Արցախի Հանրապետությունում: Դա է մեր այսօրվա «էլիտա» կոչվածը:Եվ հատկանշականն այն է, որ արդեն ասպարեզ է մտնում փոխարինողների միանգամայն արժանի սերունդը: Հայոց քաղաքական արգանդը այդ առումով չափազանց բերրի է և նորանոր «Սերյոժկա Ֆոմիններ» է ծնում: Այդ երիտկուսակցականների միակ տարբերությունը կոմունիստական ժամանակաշրջանի կոմսոմոլ - հրահանգիչներից այն է, որ Մարքսի կամ Լենինի  պատկերների փոխարեն սրանց գլխավերևում փակցված են, ասենք, Քրիստափորի կամ էլ Նժդեհի պատկերները: Եվ ինչ կարող է տալ իր պետությանն ու ազգին նման կառավարիչների խավը:Շատ չծավալվենք և կանգ առնենք միայն ղարաբաղյան հարցի վրա:  Դեռևս պատերազմը չավարտված և մինչ օրս, հայկական կողմը աշխարհով մեկ շեփորահարում է, որ ինքը պատրաստ է գնալ «փոխզիջումների»: Առավել «իմաստունները» խորհուրդ են տալիս «ոտքը մեկնել իր վերմակի չափով»: Շատ լավ, միայն թե ճշտենք, թե որ վերմակի մասին է խոսքը` ուրիշի տված, թե սեփական ձեռքով կարած: Պատմությունը մի անգամ չէ, որ ցույց է տվել, ու հատկապես հենց հայերիս, որ ուրիշի տված վերմակի տակ, ինչքան էլ կուչ գաս, միևնույն է, չես կարող տեղավորվել: Մի մասդ վերմակի տակից պարտադիր դուրս կմնա: Ու անկախ նրանից, որ մասդ և ինչքանով է դուրս մնացել, դա առիթ են ծառայեցնում ու կտրում գլուխդ: Այդպիսին է ուրիշի կողմից քեզ համար նախատեսած վերմակի բնույթը, իմաստն ու էությունը: Այնպես որ, ապահով ծածկվելու համար, ամեն ազգ ինքը պետք է կարի իր վերմակը: Ճիշտ է, հենց այդ իրավունքը վաստակելը հեշտ բան չէ: Այսօր, եթե անգամ կարելու իրավունքը մեր կողմից դեռևս լիովին վաստակած չէ, ապա գոնե որիշի կողմից տրամադրվող վերմակից հրաժարվելու իրավունքը մենք, համենայնդեպս, այսօր վաստակած ունենք: Իսկ իշխող խավը` թե այսօրվա Հայաստանի Հանրապետությունում, թե Արցախում, ամեն ինչ համառորեն տանում է այդ իրավունքից հրաժարվելու և կրկին ուրիշներին հարմար պարտադրանքին ենթարկվելու ուղղությամբ:Քաղաքական գործընթացների անատոմիայի լավագույն գիտակներից մեկը շեշտում է, որ «…եթե հանկարծ ժողովուրդները ամբողջ խորությամբ գիտակցեին, թե ինչպիսի ոչնչություններ են իրենց կառավարում, ապա նրանք պարզապես կխելագարվեին»: Խորությամբ գիտակցելու հարց այսօր մեզանում, մեր կարծիքով, չկա. ամեն ինչ հասկացված է ու գիտակցված ամենայն խորությամբ: Բայց մեր պարագայում կա, համենայնդեպս, մի տխուր, բայց անառարկելի մի յուրահատկություն: Հարյուրամյակներ շարունակ պետականությունից զուրկ լինելով (էպիզոդիկ ի հայտ եկող թիթեռի կյանքի տևողությամբ հայկական տարբեր քվազի-պետությունները, ինչ խոսք, համապատասխան որակի ձևավորում և ավանդույթի կայացում չէին կարող ապահովել ), հայերս ապրել և առաջնորդվել ենք ոչ թե պետական-համազգային, այլ ընդամենը համայնքային մասշտաբի չափանիշներով ու կատեգորիաներով: Եվ կյանքի նման պայմաններում ձևավորված «ազգային էլիտան» իրենից ներկայացրել է  ճարպիկ, ինչ-որ բարեկեցիկ և ապահով վիճակի ձգտող, լավագույն դեպքում` որոշ բարեգործություն իրականացնող անձանց մի խումբ: Բայց ոչ երբեք մի շերտ, խավ,  որը պատասխանատվություն է կրում իր պետության և ազգի ճակատագրի համար: Այդ պատասխանատվությունը կրել է օտար իշխող, տիրող համակարգը` երբ ոնց որ հարմար է գտել: Իսկ մեր այդ «ազգային էլիտային» պարզապես հասու չեն եղել համապետական, համազգային մասշտաբի մտածելակերպը:Առավելևս` գործելակերպը: Օտար պետություններում մեկ-մեկ ի հայտ եկած հայազգի խոշոր պետական կամ տնտեսական այրերին մատնացույց անելը սխալ է: Նրանք կարող են համարվել ոչ թե հայ, այլ լավագույն դեպքում ծագումով հայազգի գործիչներ: Նրանք պարզապես այս կամ այն պետական-քաղաքական, կամ տնտեսական համակարգին պատկանող գործիչներ են: Իսկ երբ պատմական դեպքերի բարեհաճությամբ Հայաստանի մի ինչ-որ հատվածում ստեղծվել է անկախ հայկական պետություն, ապա այդ տեղական ճարպիկ շերտն անխնա սկսել է իր անձնական բարօրությունն ապահովելու նպատակներին ծառայեցնել արդեն սեփական պետությունը` փառք Աստծո, գլիդ վերևում օտար իշխողը չկա, որպեսզի երբ չափն անցնես, գլխիդ տա: Եվ ստեղծվում է մի իրավիճակ, երբ պետությունը դեռևս չկայացած, արդեն բռնում է իր կործանման ճանապարհը: Իրական էլիտային ներկայացվող չափանիշների տեսակետից, հայկական էլիտան, այսօրվանը նույնպես և հատկապես, նույնքան կարող է ոչ թե համարվել, այլ կոչվել էլիտա, որքան որ, ասենք, վարձակալած երեքսենյականոց բնակարանում գործող «համալսարանի» մի հայ շրջանավարտը կարող է, ոչ թե որպես մասնագետ, այլ անգամ որպես կրթված անձ համեմատվել, ասենք, եվրոպական բարձրակարգ  մի համալսարանն ավարտած անձի հետ: Տո ինչ կրթություն, ինչ գրագիտություն: Ինչպես չափազանց դիպուկ ասել էր վերջերս մեր լավ ռեժիսորներից մեկը, նրանցից ոչ մեկը ըսկի «ֆեյս-կոնտրոլ» չի կարող անցնել նույնիսկ միջին կարգի ռեստորան մուտք գործելու համար:Եվ ստացվում է, որ մի խավ, որն իր կոչմամբ ի սկզբանե ոնց որ թե պետք է  հանդիսանար սեփական պետականության կայացման և հզորացման երաշխավորը, իրականում հանդես է գալիս որպես այդ պետականության կատաղի հակառակորդ և դառնում է նրա գերեզմանափորը: Քանզի պետությունն` իր բոլոր հնարավորություններով, այդ խավի կողմից դիտվում է ընդամենը որպես անձնական բարեկեցության ապահովման միջոց: Վերանալու դեպքում էլ` ինչ փույթ` «Ամեն ինչին էլ եթե կա սկիզբ, կա նաև վերջ»: Համ էլ` «խելոքը հաց է փնտրում, հիմարը` հայրենիք»:«… Ոչ մի բան չի կասեցնում մեր երկրի ինքնապաշտպանության գործը այնպիսի ահավոր չափերով, ոնց որ պաշտոնյաների սաբոտաժը: … Կա նաև մի ուրիշ խմբակ, որ առանց դուլ ու դադարի, միմիայն իր անիծյալ գրպանի շահի համար փորփրում է մեր պետության հիմքերը և անդարմանելի հարվածներ հասցնում մեր պետության ու ժողովրդի ֆիզիկական գոյությանը: Չարաշահների, առևտրականների խմբակն է այդ, որոնց ամբողջ մտածողությունը, գիշերվա ու ցերեկվա մտահոգությունն է, որքան կարելի է շատ դիզել և ուրիշների աղքատության, երկրի սնանկության և հայրենիքի ավերակների վրա կանգնեցնել իրենց համար դղյակներ»: Այս տողերը գրված են մոտ մեկ դար առաջ` 1920 թվականի նոյեմբերի 6-ին, Կարսի անկումից մի շաբաթ անց…Եվ հայ հանրությունը` նույնպես դարերի ընթացքում, ընդունել է, և այսօր էլ, դեռևս, ընդունում և հանդուրժում է նման խավի ոչ միայն գոյություն ունենալու, այլ նաև միանգամայն լեգալ և անկաշկանդ գործելու իրավունքը` ի կործանումն սեփական երկրի: Ռուսաստանի Պետական Դումայի մի պատգամավոր, լուրջ անձնավորություն, խոշոր գիտնական, մի անգամ մեզ հետ զրուցելիս ասաց, թե ռուսական որոշ շրջանակներում գերիշխում է այն կարծիքը, թե հայերին կործանելու համար կարիք չկա ոչ պատերազմել նրանց հետ, ոչ էլ ինչ-ինչ պատժամիջոցներ կիրառել: Բավական է ընդամենը նրանց զրկել օտարի լծի տակ ապրելու շքեղությունից: Կարծիք է, էլի, ինչ կարող ես ասել…… Այսօր 2013-ի փետրվարն է, ամսի 12-ը: Հադրութի պաշտպանական շրջանի  գումարտակներից մեկի նախկին հրամանատար  Վահան Բադասյանի հետ կանգնած ենք Հադրութի մշակույթի տան դիմացի հրապարակում, Արթուր Մկրտչյանի կիսանդրու կողքին: Արթուր, 50-ամյակդ մի երկու տարի առաջ էր, որ նշեցինք, բայց արդեն քսան տարի է, ինչ դու հուշ ես, հուշարձան: Գնդակը, որ մահաբեր էր քեզ համար, նույնքան մահաբեր եղավ հայ նոր պետականության համար, որը, մեր պատկերացումներով, պետք է որ խարսխվեր ու հիմնվեր արդարության և օրինականության վրա: Բայց այդ կրակոցով հայությանն ասվեց, թե պատրանքներ չունենաք. ինչ ընտրություն, ինչ ընտրվել: Ընտրությունը պահեք Ձեզ: Կլինի նա, ում մենք  ենք ուզում: Քո զոհվելուց չորս տարի անց այդ միտքը ավելի կոշտ ու ավելի հստակ ձևակերպված, հայկական հեռուստաեթերով հնչելու է ի լուր համայն աշխարհի: Իսկ դրանից երեք տարի անց այդ միտքը հնչեցնողը ցուցադրաբար գնդակահարվելու է հայոց խորհրդարանում` ի տես համայն աշխարհի: Երկուսիդ մահն էլ ցանկանում էին թե հակառակորդները, թե «յուրայինները»: Միայն թե ձեր երկուսի կողմից ոմանց համար անհարմարություն ստեղծելու ծավալած գործունեությունն  ու մոտիվներն էին միանգամայն տարբեր, անգամ հակառակ:86-ի ամռանն էր, Արթուր, որ հանդիպեցինք քեզ հետ Հադրութի թանգարանում: Երեկոյան մեզ ծանոթացրեցիր Էմիլի ու Մանվելի հետ: Զրույցից հետո մենք խոստովանեցինք, որ վերջապես, երեք տարվա դեգերումներից հետո, Ղարաբաղում հանդիպեցինք մարդկանց, որոնք իրենց ամբողջ տեսքով մեզ չեն հասկացնում, շատ դեպքերում էլ` հենց ուղղակի ասում, թե, ախպեր, սրանք երբ են գնալու, մենք սրանց շառիցը պրծնենք: Երեկ, Հադրութ գալուց, մտանք Տող: Երբ կանգնած էինք միմյանց կողք-կողքի հանգչող Վիգենի ու Արմենչոյի շիրիմների առչև` էլի անցել է քսան տարի, հիշեցի Թումանյանի քառյակը.Երկու շիրիմ իրար կից,Հավերժական լուռ դրկից,Թախծում են պաղ ու խորհում,Թե` ինչ տարան աշխարքից:Չէ, պաշտելի մեր Լոռեցի: Այս շիրիմները խորհելու բան չունեն: Մենք ունենք խորհելու շատ բան` նրանց առջև կանգնած…Իսկ հրապարակը կամաց-կամաց լցվում է: Նոր սերնդից, բնականաբար, ոչ մեկին չեմ ճանաչում: Նայում, բարևում ես էն թվերի ծանոթներին, ու կրկին մտքիդ են գալիս Մեծն Լոռեցու տողերը.Էյ հին ծանոթներ, էյ կանաչ սարեր,Ահա ձեզ տեսա ու միտս ընկան,Առաջս եկան երջանիկ օրեր,Սիրելի դեմքեր, որ հիմի չկան:Բայց ինչի համար է այս հավաքը այսօր, Հադրութում: Նշվում է այն հանրահավաքի անցկացման օրը, որ տեղի է ունեցել ուղիղ 25 տարի առաջ Հադրութում: Երբ ժողովուրդը, երբ շրջանի հայ բնակչությունը Աբրահամյան Էմիլի, Գրիշա Հայրապետյանի, Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ պատի նման կանգնեց և թույլ չտվեց, որպեսզի  շրջանի «պարտխոզակտիվը» որոշում կայացնի և բանաձև ընդունի, որ իբր թե ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ի հետ վերամիավորվելու պահանջը չունի համաժողովրդական բնույթ և ընդամենը մի քանի օրինախախտների կողմից ներկայացվող ինչ-որ խոսք է: Չստացվեց: Հադրութեցիք ձախողեցին Կևորկովյան այդ մտահղացումը: Եվ այդ օրվանից, փաստորեն, այլևս ոչ միայն չմարեց, այլ գնալով թափ առավ Շարժումը: Այդ օրը «Կևորկովշչինան» ստացավ իր առաջին մահացու հարվածը, և ընդամենը երկու ամիս անց Բաքվի այդ սատրապն անհետացավ Ղարաբաղից իր մտերմագույն շրջապատով հանդերձ:Դա էլ ասենք, որ ընդհանուր առմամբ Խորհրդային ժամանակաշրջանի ԼՂԻՄ-ի ղեկավարին պետք է դիտել ոչ այնքան որպես անձ, այլ առաջին հերթին, և հատկապես, որպես խիստ որոշակի ֆունկցիա` որ գործում էր Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության «պատրոնաժով»: Եվ հենց դրանով էր ի վերուստ և ի սկզբանե կանխորոշված այդ պաշտոնն ստանձնող անձի կերպարի ողբերգականությունը: Բորիս Կևորկովն այդ շարքում եղավ ամենավերջինը, և, թերևս, ամենաողբերգական կերպարը: Հենց նրա անունն է միշտ հիշատակվում որպես հակազգային գործունեության խորհրդանիշ` դրա բոլոր դրսևորումներով և ենթադրություններով: Ադրբեջանին բռնակցված հայկական այդ հողակտորի ղեկավարի գլխավոր ու կարևորագույն ֆունկցիան այն էր, որ ամեն գնով, օգտագործելով իր տրամադրության տակ դրված գործնականում անսահմանափակ ռեսուրսներն ու մեխանիզմները, սերմանվի ու ներարկվի ղարաբաղցիների մեջ, որ Ղարաբաղը դա Հայաստան չէ, ղարաբաղցին էլ հայ չէ:  Հարցի «գիտական» հիմնավորումը, որ դա ադրբեջանապատկան տարածք է, իսկ այդտեղ դեռևս բնակվող հայերի իսկական ազգային պատկանելիության հարցը դեռ անհրաժեշտ է պարզաբանել, թողնված էր ադրբեջանցի պատմաբանների վրա: Ով այդ թեզի հետ համաձայն չէր, լավագույն դեպքում ստիպված էր լինում թողնել Ղարաբաղի տարածքը: Էլ չենք խոսում ավելի խիստ ռեպրեսիվ միջոցների մասին: Սա էր ԼՂԻՄ-ի հանդեպ մշակած, այնտեղ ներդրած և ի կատարումն ընդունած քաղաքական կուրսի գործողությունների ծրագիրը, որն իր առավել գործունյա ու հետևողական իրագործողի անվամբ կոչվեց «Կևորկովշչինա»: Այնպես որ, մինչև արտաքին թշնամու` ադրբեջանցու հետ դեմ առ դեմ հանդիպելը, նախ պետք էր տապալել «Կևորկովշչինան»: Ինչը հաջողությամբ իրագործվեց և ինչի սկիզբը հանդիսացավ հենց 1988-ի փետրվարի 12-ին կայացած Հադրութի այդ հանրահավաքը, որի 25-ամյակն էլ այսօր նշվում է:Բայց ինչպես է նշվում: Սա, ավաղ, հաղթողների, իրենց առջև դրված նպատակին հասած ազգի ու ժողովրդի տոնախմբություն չէ: Ճիշտ է, օրվա «Կոնովալովը» Ստեփանակերտում նստած չէ, և Հադրութ էլ չի գործուղվել Կևորկովի աջ ձեռքը` Օսիպովը, որն, ի դեպ, 88-ի փետրվարի 12-ին Հադրութում մռութին ստանալուց մի շաբաթ անց առել-փախել էր ԼՂԻՄ-ի մարզխորհրդի կնիքը, և մարզխորհրդի պատմական որոշումն ի վերջո օրինականացվեց պատգամավորների ստորագրություններով: Դրանք չկան: Բայց կա հավաքի մասնակիցներին միանգամայն տարբեր նպատակներ ու մղումներ հետապնդող երկու տարբեր հատվածների բաժանող վիհը: Եվ այստեղ, Ղարաբաղում, տոնական այս օրվան` ավելի ցցուն ու միանգամայն քողազերծված, և դրա համար էլ առավել մտահոգիչ է երևում այսօրվա մեր հայկական իրականությունը:Ընթացող հանրահավաքը, ուր միմյանց են հաջորդում երկու կողմերի ելույթները, մեզ տարավ-հասցրեց քառորդ դար հետ ու կրկին բերեց կանգնեցրեց այսօրվա իրականության առաջ: Մենք ոտքի ելանք, որպեսզի եղած Հայաստանին միացնենք նաև Հայաստանից խլված և Ադրբեջանին բռնակցված Արցախը: Մենք փշրեցինք Կևորկովների կարգախոսը, թե «Ղարաբաղը դա Հայաստան չէ»: Արցախի ազատարար, վսեմ և պայծառ մեկ հայ այր, Ազգալդյան Լեոնիդ անվամբ, զենքը ձեռքին արցախյան հողի վրա պինդ կանգնած այդժամ հայտարարեց. «Սա Հայաստան է, և վերջ»: Հետո… մեր ազգային-ազատագրական պայքարը, իբր «միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում» տեղավորեցնելու համար, վերանվանվեց «ազգերի ինքնորոշման իրավունք»: Ադրբեջանից էլ մեր արյան գնով հետ վերցրած Արցախը ոչ թե միացավ նախկին ՀԽՍՀ-ին, որպեսզի կազմվեր Հայաստան, այլ փոխարենը ստեղծվեց, ինչպես օտարն է ասում, «ինքնահռչակ», մեկ-մեկ էլ` նույնիսկ ինքնակոչ, մի նոր պետական կազմավորման: Որի անվանումն իր մեջ կրում է նույն անվանման հիմնքերը, ինչը որ կար ԽՍՀՄ-ի ժամանակ, ԽորհրդայինԱդրբեջանի կազմում: Հայկական պատկանելության վերաբերյալ ոչ մի տարր անգամ չկա: Ազգերն ու ժողովուրդներն իրենց առաջընթացն ու փրկությունը տեսել ու իրականացրել են ցաք ու ցրիվ տարածքների ու վարչական գոյացումների միավորման մեջ` նույն Իտալիան, նախանցած դարի Գերմանիան, հենց այսօրվա Գերմանիան, իսկ մենք մեր հայրենիքից մնացած վերջին փշուրներն ենք էլի տրոհում: Իմաստ ունի՞, արդյոք, հիշատակել մեր պատմությունը, որը հստակ ցուց է տալիս, թե ինչպես դարերի ընթացքում Հայաստանը դադարեց լինել պետական-քաղաքական գործոն  հենց նման  ինքնահռչակ , ու չգիտես, ինչերի վրա` ինքնագոհ թզուկ գոյացումների «էվոլյուցիայի շնորհիվ»: Այդ տրոհվածությունը նույնպես այսօրվա հայկական «էլիտա» կոչվող խավը օգտագործում է, քամում ու մսխում է իր շահի համար առավելագույնը ստանալու նպատակով:Երբ 1989-ին Արկադի Վոլսկին ստանձնեց Արցախի կառավարման Հատուկ Կոմիտեի ղեկավարի պաշտոնը, իբր կեսկատակ-կեսլուրջ հայերին ասել էր, թե «Миацум я Вам не обещаю, но анчатум,- наверняка»: Հայերն էլ հասկացան, որ առանց կռվի ՄԻԱՑՈՒՄԸ չի կայանա: Եվ կռվեցին, ու հետ բերեցին Արցախը: Սակայն… Հայաստանի Հանրապետությունը, փոխանակ ստանձներ, ինչպես ասում են, իրեն ի վերուստ տված Մայր Հայրենիքի դերակատարումն ու այդտեղից բխող անհրաժեշտ գործառույթները թշնամու ձեռքից հետ վերցրած Արցախի նկատմամբ, այն է` իր կազմի մեջ ընդգրկելու այդ հատվածը, փոխարենը, Արցախի նկատմամբ ստանձնեց «քաղաքական մետրոպոլիայի» դերակատարումը:Եկեք ոչ մեկին չձանձրացնենք ՀՀ-ում և ԼՂՀ-ում հաստատված և տիրող  ներքաղաքական բոլորին քաջ հայտնի իրավիճակների, կամ էլ ՀՀ-ի և ԼՂՀ ղեկավարության վերջին 20-25 տարվա փոխհարաբերությունների նկարագրությամբ: ՀՀ-ի կողմից Արցախի հանդեպ «քաղաքական մետրոպոլիայի» դերակատարի ստանձնումն այսօրվա տարածաշրջանային իրականության մեջ` հաշվի առնելով  Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական կուրսերը, բերել է նրան, որ Արցախը կրկին հայտնվել է «վասալի վասալ» կարգավիճակում` որի դեպքում իր հանդեպ մշակվող եւ վարվող քաղաքականությունը կարող է դրսևորվել միայն ու միայն «Կևորկովշչինայի» տեսքով ու մեթոդաբանությամբ: Քաղաքական նման իրողությունների առկայության պարագայում, այլ բան չի էլ կարող լինել: Եվ այդ կործանարար գիծը կարող է փշրվել միայն ու միայն իրական ՄԻԱՑՈՒՄԻ միջոցով: Թե չէ, ընկած սրա-նրա դռները Ցեղասպանության ճանաչում ենք աղերսում, քիչ է, հիմա էլ` Ղարաբաղի անկախության ճանաչում: Իրոք, Ղարաբաղի անկախությունը ճանաչել ենք տալիս, որ ինչ անենք: Որ մի քանի սրիկա ավելի ապահով ու ավելի անկաշկանդ հարստանան սեփական ժողովրդի հաշվին:Միակ պետությունը, որը, ելնելով այսօրվա իրողություններից, անհապաղ պետք է ճանաչի Արցախի անկախությունը, դա Հայաստանի Հանրապետությունն է: Ճանաչի, որպեսզի նույն պահին ընդգրկի իր կազմի մեջ: Ասված է, չէ՜ ԱՐՑԱԽԸ ԴԱ ՀԱՅԱՍՏԱՆ Է` ԵՎ ՎԵՐՋՀ. Գ. 1.  Վահանը, որը ծանր վիրավորվելուց հետո իրոք միայն Աստծո կամոք է, որ ողջ էր մնացել, զինադադարից հետո եկել էր Երևան` պատերազմով ընդհատված իր բարձրագույն կրթությունը ավարտին հասցնելու, հայտնվել էր խիստ յուրահատուկ մի իրավիճակում: ԲՈՒՀ-ական լուսապայծառ դեմքերից մեկը հայտարարել էր հաշմված, ձեռնափայտի օգնությամբ քայլող մարտական հրամանատարին, թե «Ես ինչ իմանամ, թե այսքան տարի որտեղ ես եղել»: Իսկ երբ նրա դեմն են դրվել նրա «որտեղ լինելը» լուսաբանող փաստաթղթերը, սույն գիտա-մանկավարժական այրը հայտարարել է «թե ինչ իմանամ, որ սրանք իսկական են»: Բայց երբ զգացել է, որ այլ միջոցների բացակայության պարագայում նախկին ուսանողը որպես հավաստման միջոց կարող է գործի դնել նաև ձեռքի տակ ընկածը` ձեռնափայտը, իսկույն սկսել է մեծ ըմբռնումով մոտենալ պատերազմի պատճառով Վահանի մոտ գոյացած ուսումնական խնդիրներին:Հետագայում  դեպքերի ընթացքն այնպիսին եղավ, որ Վահանը հայտնվեց այսօրվա «Կևորկովշչինայի» ռեպրեսիվ և քարոզչական մահակի հարվածների տակ: Պատերազմում հաշմված և խիզախության համար պարգևատրված հրամանատարը հայտարարվեց ոչ ավել, ոչ պակաս` Արցախի անվտանգությանը սպառնալիք ներկայացնող տարր: Իսկ ավելի քան համեստ նրա տնտեսական գործունեությունը, բնականաբար` օրինախախտ և Արցախի համար էլ վնասաբեր:Ասում են պատմությունը կրկնվում է` մի անգամ որպես ողբերգություն, մյուս անգամ` որպես ֆարս: Եթե «Կևորկովշչինան» կրկնվում է, անխուսափելի է, որ կկրկնվի նաև «Կևորկովի փոխանակումը»: Բայց արդեն, բնականաբար, ֆարսի տեսքով:

Վլադիմիր Հարությունյան
Լուսանկարը Panarmenian-ի 

Orphus system  
Գլխավոր ՀԱՅԱՑՔ ՇԻՐԱԿԻՑ «Կռված տղերքի» «կենսագրական սիլիկոնը»

Գյումրի | թարմ. Կիրակի, 28 հուլ. 2013, 05:50 (GMT +4)
+14°
փոփոխական ամպամածություն
635 mmHg, 82%, 3 մ/վ հ.
արևածագ: 05:57, մայրամուտ: 20:24
Google 885.35 ▼2.35 (-0.26%)
Microsoft 31.62 ▲0.23 (0.73%)
Apple 440.99 ▲2.49 (0.57%)
Intel Corporation 23.26 ▲0.20 (0.87%)
NASDAQ:GOOG

Google

Company ID [NASDAQ:GOOG] Last trade:885.35 Trade time:4:00PM EDT Value change:▼2.35 (-0.26%)
NASDAQ:MSFT

Microsoft

Company ID [NASDAQ:MSFT] Last trade:31.62 Trade time:4:00PM EDT Value change:▲0.23 (0.73%)
NASDAQ:AAPL

Apple

Company ID [NASDAQ:AAPL] Last trade:440.99 Trade time:3:59PM EDT Value change:▲2.49 (0.57%)
NASDAQ:INTC

Intel Corporation

Company ID [NASDAQ:INTC] Last trade:23.26 Trade time:4:00PM EDT Value change:▲0.20 (0.87%)
Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: